ՓՐԿԵ՛Ք ՀՂԻ ԿԱՆԱՆՑ. ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ, ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ, ԱԱԾ ՏՆՕՐԵՆԻՆ ԵՎ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հարգարժան պարոնայք, ձեզ եմ դիմում, որպես «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» հասարակական կազմակերպության նախագահ: Երեկ` 26.01.2017թ. «Հրապարակ» օրաթերթին հարցազրույց էր տվել shame. am կայքի խմբագիր, հանրության մեջ «Շիզոլինի» մականվամբ հայտնի Արտյոմ Խաչատրյանը, որի հայտարարությունըմեծ զայրույթ ու անհանգստություն է առաջացրել և՛ մեր կազմակերպության անդամ, և՛ բազմաթիվ այլ բազմազավակ մայրերի ու հարյուրավոր հայերի մոտ: Վստա՛հ եմ, որ կատարվածի առթիվ անհապաղ միջոցներ կձեռնարկեք, քանի որ տեղի ունեցածը խորթ է ու անտանելի մեր ազգի կամ, առհասարակ, ցանկացած նորմալ մարդու համար:
Ընտանիքը մեզանում միշտ սրբություն է համարվել, իսկ կանանց ու երեխաների հանդեպ հատուկ վերաբերմունքը մեր ազգի առանձնահատուկ հատկանիշներից է: Սակայն, վերը նշված անձնավորությունը հայտարարել էր ինչ-ինչ քաղաքական, թե իր անձնական խնդիրներից ելնելով, որ՝ ցիտում եմ. «անձնական թշնամի կհամարեմ այն նախընտրական ցուցակի բոլոր անդամներին, ներառյալ հղի կանանց…»: Նույն օրը նույն անձը գրել էր ֆեյսբուքում. «Այդ ցուցակի առաջին համարից վերջինին կդիտարկեմ որպես իմ անձնական թշնամի ու shame. am-ի տիրույթում կպղծեմ անասելի ձևով, ներառյալ հղի կանանց...» Միթե ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ՊՂԾԵԼՈՒ սպառնալիք հնչեցրած անձնավորությունը, որն առանց այն էլ հայտնի է սկանդալային ու անմաքուր այլ պատմություններով, պիտի շարունակի լրագրության քողի տակ այլասեռել մթնոլորտը և գործել անթույլատրելի ու զազրելի կերպով:
Անկախ նրանից, թե ինչ հովանավորներ ունի այդ անձը կամ ինչ շահեր է սպասարկում և, նույնիսկ, եթե նրան աջակցում է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ինչի մասին միառժամանակ առաջ գրել էր դերասանուհի Անահիտ Մութաֆյանը, դա չի կարող լինել ամենաթողության առիթ ու հղի կանանց պղծելու հիմք: Մենք դա չենք հանդուրժելու:
«Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ նախագահ՝ Մարգարիտա Հովսեփյան
Նյութը Xnews.am