Ազգային ժողովի նիստում այսօր երկու նախագիծ ընդունեց: Առաջինը «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին էր, որով առաջարկվում էր մինչև 2019-ի մարտի 1-ը 27 տարին լրացած անձանց ազատել քրեական հետապնդումից և Հայաստան վերադառնալու իրավունք տալ, երկրորդը վերաբերում է ուսման վարձի տարաժամկետմանը:
Politik.am-ին Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց, որ զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծը միտված է նրան, որ արտերկրում բնակվող 27 տարեկանը լրացած քաղաքացիները, ովքեր այլևս զինապարտ չեն, կարողանան գալ Հայաստան, վճարել համապատասխան գումար և ազատվել քրեական հետապնդումից:
«Այս օրենքը վաղուց կա, սակայն ամեն տարի փոխվում է ժամկետը: Մեր առաջարկով` 2018 թվականի և մինչև 2019-ի մարտի 1-ը 27 տարեկանը լրացած քաղաքացիները կարող են վերադառնալ Հայաստան, ամեն բաց թողած զորակոչի համար վճարել 200 հազար դրամ և ազատվել քրեական հետապնդումից»:
Տիգրան Ուրիխանյանի առաջարկած` ուսման վարձերի վերաբերյալ նախագծը Գևորգ Գորգիսյանը դրական փոփոխություն համարել: Այն հնարավորություն է տալիս ամսեամիս վճարել ուսման վարձը, ոչ թե նախկինի նման միանվագ` տարեսկզբին կամ քննություններից առաջ.
«Հաճախ ուսանողները շատ անխորժ վիճակի մեջ էին հայտնվում, երբ ամբողջ կուրսի ներկայությամբ հայտնում էին վարձի մուծված չլինելու մասին: Դրա համար ուսանողները վարկ են վերցնում, փաստացի գումարը բանկին վճարում են ամսեամիս, սակայն դրան գումարվում է տոկոսները: Հիմա հնարավորություն կլինի առանց տոկոս վճարելու` տարաժամկետել վճարելու պարտավորությունը»:
Հարցին, թե երբ ուժի մեջ կմտնեն նախագծերը, Գորգիսյանն ասաց, որ ուսման վարձի վերաբերյալ նախագիծը դեռ պետք է երկրորդ ընթերցումն անցի, իսկ առաջինը պետք է հնարավորինս շուտ կիրառել.
«Շահառուները շատ են, մոտ 10 հազար քաղաքացի հիմա գտնվում է քրեական հետապնդման մեջ, 2018 թվակաին էլ 1200 քաղաքացի վերադարձել է: Հիմա էլ անընդհատ գրում, զանգում են այն մարդիկ, ովքեր սպասում են հայրենք վերադառնալուն: Առաջարկել եմ նախագիծը քննարկել 24 ժամյա ռեժիմով»: