«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ի խորհրդի անդամ և մարդկային ռեսուրսների կառավարիչ Աիդա Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը մոռանում է իշխանությունների տարանջատման սկզբունքն ի՞նչ բան է, անմեղության կանխավարկածն ի՞ նչ է և նմանատիպ այլ հիմնարար սկզբունքների մասին: Կառավարության նիստի ժամանակ Նիկոլը ավանսով կայացրեց դատավճիռ/ դատավճիռներ և ամսական կտրվածքով ձերբակալությունների նոր պլան է տալիս՝ ավելացնելով թվաքանակը»:
Politik.am-ի հետ զրույցում Աիդա Ստեփանյանն ասաց, որ գրառման առիթը եղել է Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությունը` եթե պետություն մտնող գումարների ծախսման արդյունքում ՀՀ քաղաքացին իր վրա փոփոխություններ չի զգում, ուրեմն ինչ որ մեկն ինչ որ տեղ գողանում :
«Թե ինչպես է որոշվել, որ գումարները գողանում են, մեխանիզմները անհայտ են մնում: Այս պարագայում ունենում ենք բավականին մեծ ռիսկեր, քանի որ հետո էլ վարչապետը խոսում է ձերբակալությունների թվի ավելացման մասին` առանց օրենքի ընթացակարգերի պահպանման: Սրանք հիմքեր են ստեղծում անմեղության կանխավարկածի խախտման համար»:
Աիդա Ստեփանյանի խոսքով՝ իշխանության տարանջատման սկզբունքի խախտման մասին վկայում են վարչապետի կողմից դատական գործընթացներին, դատավորների գործողություններին ինստրուկցիա տալն ու միջամտությունը։