Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց նպատակը ոչ թե Եվրոպական դատարանում հաղթելն է, այլ Հայաստանի դատարաններում արդարության հասնելը. «Եվրոպական դատարանի ամբողջ իմաստն այն է, որ Մարդու իրավունքների կոնվենցիայով նախատեսված իրավունքները պետության կողմից չպաշտպանվելու դեպքում, ինքը դա արձանագրի, բայց այն երբեք չի նախատեսված որպես չորրորդ ատյան, կամ որպես ատյան, որը պետք է պետական լինի կամ փոխարինի պետական դատարաններին: Հույս ունենք, որ Եվրոպական կոնվենցիայում նախատեսված բոլոր իրավունքները ոչ միայն այս գործով, այլ բոլոր գործերով կպաշտպանվեն ոչ միայն այս դատարանում, այլ նաև հայկական դատարանների կողմից»:
Հարցին, թե ինչի Ռոբերտ Քոչարյանը ներկա չի դատական նիստին, Օրբելյանը նշեց, որ քանի որ կար մեծ ռիսկ, որ նիստը կհետաձգվի կամ կընդհատվի, հետևաբար նիստին ներկա գտնվելը նպատակահարմար չի եղել` ավելացնելով, որ իրենց ներկայացված բողոքներից մեկի քննության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ներկա կգտնվի: