Իրեն գործարար համարող Սիլվա Համբարձումյանը դարձել է նոր իշխանությունների ամենացանկալի «ցուցմունք տվողը»։ Համբարձումյանը ճիշտ ժամանակին զգալով, թե կոնկրետ որ գործիչն է իշխանություններին հետաքրքիր, հայտնվում է որևէ մամուլի ակումբում և բարձրագոչ հայտարարություններ անում։
Սիլվա Համբարձումյանի հերթական «բլոկբաստեր» հայտարարությանը ականատես եղանք այսօր։ Մանվել Գրիգորյանը միայն «տուշոնկայի» և զինմթերք պահելու մեղադրանքներով չպետք է դատվի, այլև՝ բռնաբարությունների։ «Հրապարակի» հետ զրույցում հայտարարել է գործարար Սիլվա Համբարձումյանը։ Նա անասելի վրդովված է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխությամբ։
«Մանվել Գրիգորյանը էս քսան տարի է՝ ասում է՝ հիվանդ եմ, եթե հիվանդ է, վաղուց սատկած կլիներ, ինքը պետք է սատկի բերդում։ Էդքան երեխեքի տուն է քանդել։ Էն երեխեքը, որոնց բռնաբարել է, էն երեխու հերը, որ հետևից էր գնացել ի՞նչ են անում հորը․․․ խուլիգանը։ Դրա համար ինքը պետք է սատկի, բերդում իրեն պետք է տենց անեին, որ չմոռանար էդ երեխեքի աչքերը։ Երեխեք կան, հոգեկան հիվանդներ են դարձել, գիտե՞ք դրա մասին»,- հավելել է Սիլվա Համբարձումյանը։ Նա նաև նշել է, որ ասածի վերաբերյալ փաստեր ունի։
Մանվել Գրիգորյանը, իհարկե, սուրբ չէ, և արդարացիորեն կասկածվում է բազմաթիվ հանցագործությունների մեջ, բայց վերջին շրջանում Սիլվա Համբարձումյանի ակտիվությունը կասկածի տակ են դնում նրա հայտարարությունները։ Ինչպես արդեն նկատեցինք, վերջին մի քանի ամիսներին Սիլվա Համբարձումյանը հիմնականում ցուցմունք է տվել բոլոր այն գործիչների վերաբերյալ, ովքեր թիրախավորվում են նոր իշխանությունների կողմից։ Եվ հիմա, երբ փոխվել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, հայտնվում է Համբարձումյանը և այնպիսի հայտարարություն անում, որի նպատակը հասարակական հուզում առաջացնելն է։ Եվ եթե Համբարձումյանին չբավարարի «բռնաբարված» աղջիկների մասին պատմությանը հավատացած քաղաքացիների արձագանքը, ապա նա կարող է առաջիկայում հայտարարել, որ տեսել է, թե ինչպես է Մանվել Գրիգորյանը մանկահասակ երեխա ուտում։
Ինչպես արդեն նկատեցինք, Մանվել Գրիգորյանը, իհարկե, պետք է կրի սահմանված պատիժ իր կատարած հանցագործությունների համար, բայց այդ պատիժը և հասարակական տրամադրությունները չպետք է թելադրեն մարդիկ, որոնք Մանվել Գրիգորյանից առավել պարզ կենսագրություն չեն ունեցել; Հասարակությունը, ի վերջո, պետք է հանդարտվի և թույլ տա, որպեսզի գործեն պետական մարմինները, հակառակ պարագայում կգործի «Լինչի դատաստանը» և ամեն տասը հոգի կարող են որոշել՝ ինչպես պատժել իրենց ոչ բարեհաճ որևէ քաղաքացու։
Մանե Սահակյան