Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2 ժամով հետաձգել է նիստը, որում քննվում է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։
Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստն ընդմիջվել է 2 ժամով և հավանական է, որ նույնիսկ նիստը կայանա դեկտեմբերի 12-ի:
«Այժմ քննարկվում է գրավի միջնորդությունը, որ ներկայացրել է պատասխանող կողմը: Նիստը հետաձգված է: Որպես գրավ առաջարկվել է 5 մլն դրամից սկսած»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց փաստաբանը:
Հարցին, թե ինչ միջոցներով է Ղազարյանը վճարելու գրավը, եթե դատարանը համապատասխան որոշում կայացնի, փաստաբանն ասաց, որ Վաչագան Ղազարյանի ընտանիքի անդամների գույքը գտնվում է կալանքի տակ, սակայն կգտնվեն Ղազարյանի ընկերներ, որոնք կօգնեն վճարել, եթե գրավ սահմանվի:
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորվել էր, ապա նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 միլիարդ դրամ գրավը:
Այնուհետև Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը և ուժի մեջ թողել Ղազարյանին կալանավորելու որոշումը։
Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության անդամ, Ազգային անվտանգության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել 1 մլրդ ՀՀ դրամ գրավի դիմաց: