Ես հայտարարել եմ, որ այսօրվա դրությամբ տարբեր քրեական գործերով մոտ 64 միլիարդ դրամի չարաշահումներ, յուրացումներ և այլ քրեական գործեր են հարուցված, բայց նաև հնչում են հարցադրումներ, թե ինչու այդ գումարների վերադարձը այն արագությամբ չի լինում, որքան մենք ենք ցանկանում: Իջևանում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարեց ուժի ցուցակը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մեզ համար կարևոր է, որ պահպանվի օրինականությունը: Այդ գումարները կվերադարձվեն այսօրվա օրենսդրության համաձայն»,- ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատարն այնուհետև ավելացրեց, որ գործընթացը դանդաղ է ընթանում: «Եվ ահա այդ գործընթացն արագ անցկացնելու համար է, որ մեր նախընտրական ծրագրում հիշատակված է անցումային արդարադատությունը որպես մեր խնդիրները լուծելու միջոց»,- ասաց նա՝ նշելով, որ դա նշանակում է, որ շատ դեպքերում այդպիսի գործերը կարող են և պետք է այլ լուծում ստանան:
Փաշինյանը բերեց «Գոլդեն Փելըս» հյուրանոցի սեփականատեր Արմեն Ավետիսյանի օրինակը: «Ինձ տեղեկացնում են, որ Արմեն Ավետիսյանի ընտանիքն օրեր առաջ դիմել է պետական գույքի կառավարման վարչությանը և ասել է, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցը վերադարձնում է պետությանը»,- ասաց նա՝ նշելով, որ կա քրեական գործ, բայց ըստ ամենայնի, նաև հանրային որոշակի վերաբերմունք ակնկալելով կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար նրանք այսպիսի քայլի են դիմել:
«Եթե այս պրոցեդուրան մինչև վերջ գնա, ի՞նչ պետք է անենք. պետք է հյուրանոցը հանենք հրապարակային աճուրդի, գնահատում են, որ այն նույնիսկ մինչև 20 միլիոն դոլար արժենա»,- ասաց նա:
Փաշինյանը մեկ այլ օրինակ էլ բերեց նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված, հիշատակեց նրա հաշվին եղած 30 միլիոն դոլարը. «Սերժ Սարգսյանի եղբայրը վերջերս պատրաստակամություն է հայտնել ողջ 30 միլիոն դոլարը վերադարձնել բյուջե: Ընդհանուր առմամբ այս բոլոր գումարները պետք է վերադարձնենք: Պետք է առաջին հերթին դրանք ծախսվեն մեր զինված ուժերի վրա»,- ասաց նա:
Հետո վարչապետի պաշտոնակատարը հիշատակեց Մանվել Գրիգորյանին: «Նաև գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբաններն էին հանդես եկել հայտարարությամբ, որ նա պատրաստ է 5 միլիարդ դրամի գույք նվիրել պետությանը: Իհարկե, կառավարությանը դրան որևէ կերպ չի արձագանքել»,- ասաց նա՝ նշելով, որ դա չի արվել, քանի որ նախ որպես հանրություն՝ պետք է հասկանանք, ինչպես պետք է արձագանքենք նման դեպքերում:
«Կարևոր խնդիրներից է լինելու անցումային արդարադատության գործիքներ ստեղծելը: Մարդիկ մեզ քննադատում են, որ այդ գումարների վերադարձը պատշաճ մակարդակով է արվում»,- ասաց նա: