ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային Ժողովում պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խնդրանքով անդրադարձ կատարեց ԼԳԲՏ համայնքին և հայտարարեց, որ իր համար ընտանիքի հայկական մոդելը բարձրագույն արժեք է։
Նա ընդգծեց՝ իր ու կառավարության համար ինչքան այս թեման քիչ բարձրանա, այնքան լավ․«Որովհետև դա գլխացավանք է, հեսա կեսը կասեն՝ ա՜, սրանք բաների պաշտպան են, մյուս կեսը կասի՝ իրավունքների խախտող են, էն մյուս կեսը կասի՝ խարխլում են մեր ավանդական ընտանիքի հիմքերը և այլն, և այլն», — ասաց նա։
«Սա շատ լուրջ հարց է, ես մտածում եմ, որ մեր կառավարությունը ինչ-որ ձևով այս հարցից կխուսափի, բայց, չգիտեմ, 10, 20 թե 30 տարի հետո անխուսափելիորեն լինելու է մի կառավարություն, որ առերեսվելու է այս պրոբլեմի հետ ու այդ օրը այդ կառավարությունը պետք է որոշում կայացնի՝ ինքը տանկերը հանու՞մ է, բոլորին տրորու՞մ է, գնդակահարու՞մ է, թե՞ ճանաչում է այդ մարդկանց գոյությունը Հայաստանում, որ ցանկացած պետության մեջ տոկոս կա, ու մենք պետք է սա հաշվի առնենք», — ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ լավ կլինի հավաքվել ու որոշել, թե ոնց պետք է վարվել այս խմբի հետ։
Փաստորեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անձամբ դեմ չէ ԼԳԲՏ անձանց իրավունքների սահմանափակմանը, անգամ նրանց տանկերով տրորելուն կամ դատապարտելուն՝ միայն թե մեծամասնության հավանությունը լինի։ Իսկ որ ԱԺ-ում առկա և ապագայում եկող պատգամավորների մեծամասնության ցանկությունը կլինի այդ մարդկանց տանկերով տրորելը, որևէ մեկի համար գաղտնիք չէ։