Կառավարությունը քննարկում է համայնքներին 10 միլիարդ դրամ սուբվենցիաներ հատկացնելու հարցը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գործադիրը ուզում էր այս տարի հատկացնել այդ գումարը, բայց չկան ծրագրեր:
«Կա գումար, բայց համայնքները չեն կարողանում հայտ ներկայացնել դրանք ծախսելու համար: Գուցե պատճառներից մեկն այն է, որ հասկանում են, որ հին ձևերով չեն կարողանալու ծախսել այդ գումարը»,- նկատեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թե փաստորեն սուբվենցիաների ծրագրով կառավարությունը ֆինանսավորում է տալիս, բայց չկան ծրագրեր:
«Մենք խոստացել ենք սրա հետ համեմատած մեծ թիվ հատկացնել սուբվենցիաներին, բայց այս ոլորտում չենք կարողանում աշխուժություն ապահովել: Մենք խոստացել ենք, որ սուբվենցիաների ծրագրում 10 միլիարդ դրամ պատրաստ ենք այս տարի հատկացնել, բայց մեր թվերը պտտվում են 200-300 միլիոնի շրջանակներում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ արձանագրեց՝ կառավարությունը պատրաստ է այդ գումարը տրամադրել, բայց համայնքները չունեն ծրագրեր: «Մենք իսկապես պետք է քննարկենք՝ 10 միլիարդը արժե՞ համայնքներում այլ խողովակներով ծախսել, թե ոչ: Այս վերջին շրջանի բացահայտումները ցույց են տալիս, որ այս ծրագրերում ունենք լուրջ ռիսկեր: Պետք է ապահովենք, որ մրցույթները պատշաճ որակով իրականացվեն: Տենդեր բառի բոլորիս հայտնի իմաստները պետք է արմատախիլ անենք»,- նկատեց գործադիրի ղեկավարը:
Դիմելով Դավիթ Սանասարյանին ասաց. «Դուք պետք է ուշադիր ու նախանձախնդիր լինեք»:
Ըստ նրա՝ պետության հնարավորությունները սահմանափակ են. «Բայց երբ ուսումնասիրում ենք, թե սահմանափակ գումարներն ինչպես են օգտագործվում, տեսնում ենք, որ այդքան էլ սահմանափակ չեն, որովհետև օգտագործվում է հնարավորությունների 30, 40, քարը տրաքի՝ 50 տոկոսը, մնացածը նետվում է ձորը, և մենք պետք է ձորի պատուհաններն ու դռները ամուր փակենք, որ որևէ մեկը չնետի ոչինչ ձորը»:
«Եթե առկա միջոցները ծախսենք արդյունավետ, լրիվ ուրիշ վիճակ կլինի: Ցավոք, չունենք այնպիսի իրավիճակ, որ ասենք՝ այ էստեղ ինչ-որ բան կասկածելի է թվում, գնանք, տեսնենք, թե ինչ է կատարվում, հետ գանք, ասենք ոչինչ չկա, նորմալ է: Ես չեմ հիշում մի դեպք, որ ստուգող մարմինները մի տեղ մտնեն՝ ցնցող բացահայտում չանեն: Կարող ենք արձանագրել, որ բոլոր ուղղություններով մեր պետական միջոցները փոշիացվում են: Մինչև մենք չփակենք անցքերը, այլ թեմաների մասին խոսելը լուրջ չի լինի: Ինչքան շատ լցնենք կաթսայի մեջ, այնքան վարարելու է կաթսայից դուրս խողովակը»,- շեշտեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ համայնքը, բնական է, որ գումար չունի, երբ համայնքի ղեկավարը իր բարեկամներին, հարազատներին աշխատավարձ է դուրս գրում, բայց նրանք աշխատանքի չեն ներկայանում:
Փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասաց, որ համայնքներում իսկապես կա խնդիր՝ նորմալ ծրագրեր ներկայացնել չեն կարողանում: «Մենք այդ հարցը քննարկել ենք: Գուցե կրթական մի ծրագիր արվի, որտեղ նշվեն, թե ինչ առաջնահերթություն ունի կառավարությունը, ինչպես է պետք գրել ծրագիրը: Իսկ երկրորդ խնդիրը արդյունավետությունն է: Կիսում են այն տեսակետը, որ գուցե ճիշտ է 10 միլիարդից գումար հատկացնել այլ ոլորտներին»,- ասաց Միրզոյանը:
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն էլ նկատեց, որ մարզերում կան մարզային նշանակության օբյեկտներ, օրինակ` դպրոցներ, բայց դրանք համայնքի վերահսկողության ներքո չեն և դպրոցների նորոգման համար սուբվենցիաները չեն տրամադրվում: Նա առաջարկեց ուշադրություն դարձնել մարզային ենթակայության ծրագրերի համար՝ դպրոցներ, հիվանդանոցներ, ճանապարհներ:
«Շատ գովելի է, որ գյուղատնտեսության նախարարը հոգ է տանում կրթական, առողջապահական օբյեկտների մասին, բայց երբ դրվում էր 10 միլիարդի գաղափարը, նպատակն այն էր, որ դրանք ենթակառուցվածքների վրա դրվեն, որ տնտեսական աշխուժություն ապահովեն մարզերում: Խոսքը վերաբերում է ջրագծերին, ճանապարհներին, գյուղատնտեսական տեխնիկային: Ձեր բարձրացման հարցը կարևոր է, բայց դրանց լուծման այլ տարբերակներ ենք քննարկում: Ավելի լուրջ խնդիրներ կան, քան կապիտալ վերանորոգումը: Այդ հարցերում հույս ունենք այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներ գտնել»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այլ ծրագրերին 10 միլիարդը հատկացնելը քննարկելու է, բայց կրկնեց, որ իրենք ուզում էին համայնքներին օգնել, ստեղծել պայմաններ, որ «ծակ կաթսաների մեջ» ներդրում չանեն:
«Առաջիկայում մի քանի համայնքներում ընտրություններ են նշանակված: Ես կոչ եմ անում հարցին մոտենալ համայնքների կառավարման արդյունավետության տեսանկյունից»,- ավելացրեց վարչապետը:
Քննարկմանը տեսակետ հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Պարզվում է, որ երբեմն ծրագրերում պատասխանատուների շրջանակը, պատասխանատուների պարտավորությունների շրջանակը հստակ չէ, և արդյունքում առկա է վնաս, որի հատուցման պատասխանատուն հստակ չր: Որպես կանոն մենք դիմում ենք, որ հստակեցվեն չափանիշները: Առաջարկում եմ նման ծրագրեր մշակելուց պարզել՝ չափանիշների թերի կարգավորումներ կա՞ն, որոնք խոչընդոտ են հանդիսացել»,- նշեց Դավթյանը: