ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը հայկական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում մեղադրող տոնով էր խոսել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունների մասին:
Կոլերովը մասնավարապես ասել էր.«Առաջին հերթին ես հակասական դիրքորոշումներ եմ տեսնում Հայաստանի ներսում: Սկզբից եղավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կարգավորման գործընթացում ԼՂ ներգրավման անհրաժեշտության մասին, իսկ հետո եղավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունն առ այն, որ կարգավորումը տեղի է ունենալու հին կանոնների համաձայն: Երբ Հայաստանը դադարի ինքն իրեն հակասել, երբ ՀՀ ԱԳ նախարարը դադարի հերքել իր ղեկավարին` վարչապետին, այդ ժամանակ մենք կմեկնաբանենք նման հարցերը: Իսկ մինչ դա ՀՀ վարչապետը դիրքորոշում է հայտնել, որը ճիշտ է, լավ, արժանի, անհրաժեշտ, իսկ արտգործնախարարն այն հերքել է….Դուք հստակեցրեք, թե ով է ներկայումս Ձեր գլխավորը` վարչապե՞տը, թե՞ ԱԳ նախարարը, իսկ մենք հետո կմեկնաբանենք: Կրկին պատերազմի մասին, պատերազմ պատրաստվում է, պատերազմի շեմին նման հայտարարությունները, որոնք Մնացականյանն է անում, կարելի է անվանել կապիտուլյացիա, իսկ վարչապետի հայտարարությունները` ադեկվատ»:
Ռուս քաղաքական վերլուծաբանի մեղադրանքների վերաբերյալ Politik.am մեկնաբանություն խնդրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից: ԱԳՆ մամուլի խոսնակն ի պատասխան մեր հարցմանը պատասխանել է.«Մենք պոպուլիզմով չենք զբաղվում, մեր գործը լուրջ բանակցություններն են, որոնց կապակցությամբ մեր սկզբունքներն և դիրքորոշումը հստակ ձևակերպվել են և հրապարակավ հնչեցվել են վարչապետի և արտգործնախարարի կողմից, նաև ամրագրված են կառավարության ծրագրում»,-ասվում է Բալայանի պատասխանում: