Երեկ, Աժ պատգամավոր Միհրան Պողոսյանը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր․ «Կ. Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել իմ օգնական Ա. Իսոյանին։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Հայտնում եմ, որ իրավապահ մարմինների այս քայլը բացարձակապես չի տեղավորվում իշխանությունների հայտարարած բացառապես արդարության առաջնահերթության սկզբունքով առաջնորդվելու և
«վենդետաները» բացառելու տրամաբանության մեջ։
Եթե իմ օգնականը, այնուհանդերձ, որևէ կերպ մասնակից է եղել տվյալ միջադեպին, միևնույն է նրան կալանավորելու որոշումը հակասում է նախադեպային իրավունքի դրույթներին։ Նմանատիպ զանցանքների պարագայում մինչ այս կալանավորում չի կիրառվել»,-նշվում է հայտարարության մեջ։
Փաստորեն ի՞նչ է ստացվում, ըստ Պողոսյանի՝ մարդկանց ծեծի ենթարկելը և/կամ ուրիշների գույքը ոչնչացնելը, ինչը կատարվել է մի քանի անձանց կողմից և ուղեկցվել է բացահայտ խուլիգանությամբ (խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով), պետք է անպատիժ մնար, որպեսզի Միհրան Պողասյանը դա չդիտարկեր «վենդետա»։
Կամ կարելի է ենթադրել, որ նախկին իշխանությունների ժամանակ, Պողոսյանը և իր շրջապատը նման արարքների դեպքում չեն պատժվել ու դրա համար է որ այժմ նա այսքան զարմացած է։ Իսկ գուցե Միհրան Պողոսյանը արդարության մասին խոսելուց առաջ հիշի, որ իր ԴԱՀԿ պետ լինելու տարիներին հարկադիր կատարողները անապահով ընտանիքներից անգամ մանկական «գարշոկ» էին խլում: Այնպես որ գոնե «գարշոկ» խլող գեներալը թող չխոսի արդարության բացակայությունից: