Ստրասբուրգում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդին ՀՀ Նախագահի անունից պաշտոնական հուշանվերի՝ հայկական խաչքարի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը: Խաչքարի ցուցապաստառը բացել են Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Հանրապետության Նախագահը և Յագլանդն արարողության կապակցությամբ հանդես են եկել ելույթներով: Արարողության ավարտին Հանրապետության Նախագահը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ինչպես նաև արարողությանը մասնակող Դանիայի վարչապետ Լարս Ռասմուսենին ցուցադրել է ԵԽ բակում՝ մուտքի հարակից հատվածում, տեղադրված խաչքարը:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրոպայի խորհրդին հայկական խաչքարի նվիրաբերման հանդիսավոր արարողության ժամանակ
Մեծարգո´ պարոն Գլխավոր քարտուղար,
Հարգելի´ հայրենակիցներ,
Տիկնա´յք և պարոնայք,
Եվրոպայի խորհրդում գոյություն ունեցող գեղեցիկ ավանդույթի ներքո, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 65-ամյակի կապակցությամբ այսօր Հայաստանը Եվրոպայի խորհրդին է նվիրում հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության ամենավառ կերտվածքներից մեկը՝ հայկական խաչքարը։ Մեզ համար մեծ պատիվ և հպարտություն է, որ այն այսուհետ ապրելու է Ստրասբուրգի սրտում՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության հովանու ներքո՝ ի նշան այդ արժեքներին մեր անվերապահ հավատարմության։
Իր երկուհազարամյա պատմությամբ՝ խաչքարագործությունը նաև հայ ժո-ղովրդի արդի մշակութային դրսևորումներից է․ այսօր էլ մեր խաչքարագործները, հենվելով ազգային ավանդույթների վրա, իրենց վարպետությամբ շարունակում են ոչ միայն վերարտադրել ու թարմացնել, այլև ստեղծագործել, վերաիմաստավորել ու նորովի մատուցել այդ արվեստը:
Պատահական չէ, որ սահմանափակ մակերեսի վրա անվերջության պատրանք ստեղծող հայկական խաչքարային արվեստը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Այս հուշարձանն արտացոլումն է այն արժեքների, որոնց վրա խարսխված են հենց Եվրոպայի խորհրդի հիմնասյուները։ Եվ կասկածից վեր է, որ ժողովուրդների մշակութային ժառանգության կոթողները Եվրոպայի խորհրդի տարածքում և ամենուր պետք է օգտվեն պաշտպանության համընդհանուր մեխանիզմներից։ Այդ հանձնառությունը պարտավոր է երաշխավորել քաղաքակրթական արժեքներից իրենց չօտարող յուրաքանչյուր պետություն։
Պարո՛ն Գլխավոր քարտուղար,
Այսօրվա արարողությունը, հավատացած եմ, մեծ խորհուրդ ունի բոլորիս համար, նաև՝ Ստրասբուրգում և Էլզասի շրջանում ապրող ֆրանսահայերի ու այստեղ աշխատող մեր քաղաքացիների համար, քանզի սա առաջին հայկական հուշարձանն է Ֆրանսիայի այս հատվածում։ Թող այս գեղեցիկ պուրակի այցելուներին խաչքարը մշտապես հիշեցնի Եվրոպայի խորհրդի դավանած հիմնարար արժեքների անօտարելիության ու անխախտելիության մասին։
Շնորհակալություն։