Մենք այս թեման փակել էինք արդեն, Սերժ Սարգսյանը մինչև 2018 թվականի ապրիլ նախագահելու է, և որևէ քննարկում չենք ունեցել, թե ինչ է կատարվելու ապրիլից հետո. այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով 2018 թվականի վարչապետի թեկնածուի վերաբերյալ լրագրողների հարցին:
«Զինվե՛ք համբերությամբ, մենք բավական խնդիրներ ունենք, դրանցով ենք զբաղված»,– ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Հարցին`այսինքն՝ ոչ մի ՀՀԿ-ական Սերժ Սարգսյանի հետ չի՞ խոսել վարչապետի թեկնածուի մասին, տաբո՞ւ է դրված այս թեմայի վրա, հանրապետական պատգամավորը պատասխանեց. «Մենք դրա կարիքը չենք զգում, երբ կգա ժամանակը, հարցադրում անելու կարիք չի լինի, Սերժ Սարգսյանն ինքը կխոսի այդ մասին»:
Վահրամ Բաղդասարյանը, խոսելով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին, նշեց. «Քաղաքականության մեջ չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ, ոչ ոք չգիտի, թե ով որտեղ կլինի 1-2 տարի հետո, և պետք է հասկանալ՝ քաղաքական ընդդիմություն չի նշանակում թշնամություն»:
Հարցին`չի՞ բացառում, որ անվտանգության նկատառումներից ելնելով Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե քաղաքականության մեջ ոչինչ չի բացառում: Բաղդասարյանը շեշտեց՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ քաղաքական թիմի առաջնորդն. «Նա միշտ պիտի լինի արենայում և ամենացայտուն քաղաքական գործիչներից մեկը»: