Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ԵՏՄ հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ ՀՀԿ-ականներն այդպես էլ հստակ փաստարկներ չբերեցին, թե ինչու պետք է Հայաստանը մնա ԵՏՄ-ում:
«Պարոն Աշոտյան, ձեզ է պետք այդ ժամանակավոր հանձնաժողովը, որովհետև դուք ասում եք՝ ԵՏՄ-ն լավ բան է, այ մենք այդ հնարավորությունը կօգտագործենք, հեսա մենք ցույց կտանք, թե ԵՏՄ-ն ինչ լավ բան ա: Էսօրվա նիստի ընթացքում որևէ մեկն այդպիսի բան լսե՞լ է: Էդ ո՞վ հիմնավորեց, որ ԵՏՄ-ն լավ բան ա: Միակ տրամաբանական հիմնավորումը Արտաշես Գեղամյանը բերեց՝ դա շանտաժն է, որ՝ այ, գազը կթանկացնենք, թուրքերին բաց կթողնենք ձեր վրա, սովից կմեռնեք, հոսանքը կթանկանա: Պարոն Աշոտյանը գույնը գցել էր արդեն վախից», ասաց Նիկոլ Փաշինյանը:Նա նշեց, որ Ելք-ն էլ հենց դա է ասում ՝ եթե շանտաժն է գործում, դա պետք է արձանագրել:«Եթե այս հանձնաժողովում չեք կարում ասել, կարող ա ըստեղ կաշկանդված եք, չեք կարում խոսաք, դրա համար եկեք այդ ժամանակավոր հանձնաժողովն ստեղծենք»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ Հայաստանից բանջարեղենի արտահանումը դեպի ԵՏՄ կրճատվել է, իսկ այս ամառ տեղեկություն եղավ, որ Ուզբեկստանը Ռուսաստանում գրավել է ծիրանի շուկան: «Ուզբեկստանը ԵՏՄ անդամ չէ, էդ ո՞նց ա ԵՏՄ տարածքում ԵՏՄ անդամի շուկան գրավում: Հայաստանից էլ բրիգադներ են գնում, որ ուզբեկական ծիրանից շուկան պաշտպանեն», հարցադրում արեց Նիկոլ Փաշինյանը: