Օրերս վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Առուշ Առուշանյանը նշանակվեց Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար: Կառավարության ղեկավարը նման որոշում կայացրեց, այն բանից հետո, երբ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը հրաժարականի դիմում ներկայացրեց:
Միանգամից պետք է նկատենք, որ Առուշ Առուշանյանը վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից պատահական ընտրված անձ չէ: Նա Գորիս քաղաքում մեծ ճանաչում ունի իր կատարած բարեգործական և հասարակական աշխատանքով, իսկ Առուշանյանների ընտանիքը մեծ հեղինակություն է վայելում Սյունիքի մարզում: Պետք է նկատել նաև, որ այս տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գորիս քաղաքի ընտրողների գերակշիռ մեծամասնությունը իր քվեով կանգնեց հենց Առուշանյանի կողքին: Ուստի վարչապետի մոտ համոզմունք կա, որ նա նշանակում է մի մարդու, ով վայելում է Գորիսի բնակիչների վստահությունը:
Գորիսեցիների համար Առուշ Առուշանյանը իրապես լավ ղեկավար կարող է լինել: Նրանք վստահում են երիտասարդ գործչին, քանի որ գիտեն, որ գալիս է ոչ թե անձնական շահի համար, այլ քաղաքի շենացման. «Երկար տարիներ Առուշանյանների ընտանիքը և անձամբ Առուշ Առուշանյանը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել քաղաքում, մենք տեսել ենք նրա աջակցությունը Հայոց բանակին: Առուշ Առուշանյանը չի գալիս քաղաքի հաշվին իր համար կարողություն դիզելու, այլ գալիս է իր հնարավորության սահամններում և իր կամքի գործադրմամբ քաղաքը ոտքի կանգնեցնելու»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց Գորիս քաղաքի բնակիչներից մեկը:
Մամուլի որոշ միջոցներում այս օրերին փորձ է արվում սևացնել Առուշ Առուշանյանի բարի համբավը, բայց այդ ճիգերը անարդյունք են, քանի որ Գորիս քաղաքի բնակիչների համար իրականությունը առավել քան հայտնի է:
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր Գորիսում ներկայացրել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանին: Հանդիպմանը ներկա գտնվողները իրենց ելույթներում ողջունել են կայացված որոշումը, նաև հարցեր են ուղղել մարզպետ Վահե Հակոբյանին և համայնքապետի պաշտոնակատար Առուշանյանին:
Առուշ Առուշանյանը իր խոսքում անդրադարձել է որոշ տեղեկությունների, որոնք տարածվում են վերջին օրերին: Խոսելով կադրային քաղաքականության մասին, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց. «Ովքեր կկարողանան աշխատել, աշխատելու են: Չի լինելու անձնավորված մոտեցում»,-ասաց Առուշ Առուշանյանը հերքելով այն տեղեկությունները, որոնք տարածվում էին այս օրերին:
Մարզի բնակիչների համար էլ հասկանալի է, թե ինչու և ովքեր են նման ստահոդ տեղեկություններ տարածում երիտասարդ, բայց ազդեցիկ գործչի մասին: Գորիսն իրենց ընտանեկան սեփականությունն համարող ժամկետնանց գործիչները չեն հարմարվում այն իրողությանը, որ քաղաքն այլևս ապահով ձեռքերում է ու իրենք այլևս չեն կարողանա ապրել քաղաքի և նրա բնակիչների հաշվին: