Վարդենիսում անչափահասի սպանության գործը կվերաբացվի » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Վարդենիսում անչափահասի սպանության գործը կվերաբացվի


Առաջիկա ամիսներին Հայաստանի դատական ատյաններում նորից կքննվի տասներկու տարի առաջ Վարդենիսում տեղի ունեցած անչափահասի սպանության գործը, ինչի համար մեղավոր ճանաչված ամուսինները պնդում են, թե մոտ տասը տարի անցկացրել են ճաղերի հետևում՝ ուրիշի փոխարեն:



16-ամյա Սյուզաննա Սարգսյանին դաժանորեն սպանելու մեջ մեղավոր ճանաչված Նալբանդյան ամուսինների բողոքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեկ տարի առաջ մասնակիորեն բավարարել էր, ինչի հիման վրա էլ օրեր առաջ Վճռաբեկ դատարանը գործի վերաբացման վարույթ է սկսել:



Դատապարտված ամուսինների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի խոսքով՝ Վճռաբեկը պետք է բեկանի նախորդ դատական ակտերն ու գործը ուղարկի նոր քննության:



«Շատ ավելի մանրամասնությամբ պետք է քննվի Ոստիկանության և համակարգի կողմից դրսևորված անօրինականությունը։ Բացի դրանից նաև դեռևս 2004 թվականին Նարինե Նալբանդյանը շատ պաշտոնյաների և նրանց երեխաների անուններն է վկայակոչել այս հանցագործության կատարման մեջ, և այս կապակցությամբ ևս քննությունը պետք է խորացված տանել և հասնել ճշմարտության բացահայտմանը։ Ես ընդամենը ուզում եմ, որ մարդիկ ազատվեն այս մեղքի բեռից», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը։



Մեղադրական եզրակացության համաձայն` 2004-ին անչափահաս Սյուզաննա Սարգսյանը գնացել էր իր համադասարանցու տուն, որտեղ վիճելով նրա մոր` Նարինե Նալբանդյանի հետ, ապակե շշով դեմքին մի քանի հարվածել էր ստացել: Ըստ պաշտոնական վարկածի՝ ամուսինները մետաղալարով կապել էին ուշագնաց 16-ամյա Սյուզաննայի ձեռքերը, փակել բերանը և 5-6 ժամ թողել էին խոհանոցում, ապա, դեռևս չմահացած աղջկան կեսգիշերին նետել էին իրենց տնից ոչ հեռու գտնվող մազութի հորը, որտեղ էլ Սյուզաննան մահացել էր:



2005-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու համար Նարինե Նալբանդյանին դատապարտել էր 14, իսկ Բագրատ Նալբանդյանին՝ 9 տարվա ազատազրկման:



Նարինե Նալբանդյանը դատարանում հայտնել էր, թե ինքնախոստովանական ցուցմունքներն իրենից բռնությամբ են կորզել:



«Ոչ մի վկայություն չկա՝ բացի իրենց «ինքնախոստովանական ցուցմունքից»։ Եվ եթե խոստովանական ցուցմունքներն էլ բռնության ազդեցության տակ են վերցվել ու դա հիմնավորվել է Եվրոպական դատարանի կողմից կայացված դատական ակտով, ես կարծում եմ, որ ապացուցողական բազայի իմաստով տակը ոչինչ չի մնալու», - ասում է փաստաբան Սեդա Սաֆարյանը։



Նալբանդյան ամուսինները պնդում են, որ իրենք որևէ առնչություն չեն ունեցել սպանությանը, առաջ քաշելով վարկած, որ աղջկան բռնաբարել ու սպանել են պաշտոնյաների հետ կապված անձինք:



Մեկ տարի առաջ ՄԻԵԴ-ը որոշեց, որ ամուսիններից ինքնախոստովանական ցուցմունքները կորզվել են խոշտանգումների միջոցով, ինչպես նաև խախտվել է նրանց արդար դատաքննության ու դատական մարմիններում պաշտպանության իրավունքը։ Եվրադատարանը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ամուսիններին վճարել 62 հազար եվրո փոխհատուցում:



9 տարվա պատիժը կրելուց հետո Բագրատ Նալբանդյանն արդեն ազատության մեջ է: Դատապարտված ամուսինների դուստրը՝ Արևիկ Նալբանդյանը, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ արդեն ստացել են ՄԻԵԴ-ի վճռով նախատեսված դրամական փոխհատուցումը, հիմա հույս ունի, որ արդար քննություն կլինի և իր մայրն ազատ կարձակվի․ - «Մենակ արդարության համար ենք մենք պայքարում։ Մեզ անմեղ տեղը քաշեցին այդ պատմության մեջ ու մեր կյանքը լրիվ կործանվեց չարած բանի համար։ Մենք այդ աղջկա սպանության հետ բացարձակ կապ չենք ունեցել։ Ծեծելով ասում էին՝ ասեք, որ մենք ենք արել։ Մորս ասել էին՝ եթե ուզում ես երեխեքդ ազատության մեջ մնան, ուրեմն դու ու ամուսինդ վերցրեք ձեր վրա, ուրիշ տարբերակ չկա»։



Շուրջ մեկ շաբաթ առաջ Եվրադատարանը ևս երեք որոշում էր կայացրել Հայաստանի դեմ՝ պարտավորեցնելով քաղաքացիների իրավունքների խախտման համար վճարել ավելի քան տասը հազար եվրո:



Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով, ինչպես բոլոր պետությունները, այնպես էլ Հայաստանը ձգտում է, որ իր դեմ որոշումներ չլինեն:



«Կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը վատթարագույն վիճակում չի գտնվում այդ ցուցանիշներով, և որ ավելի կարևոր է՝ բնականաբար, թույլատրվում են սխալներ և այդ սխալներից հետո պետք է իրականացվեն քայլեր։ Բնականաբար, և՛ վերլուծություն է իրականացվում, և՛ օրենսդրական բարեփոխումներ են իրականացվում, որովհետև Եվրոպական դատարանի ցանկացած որոշում սկզբունքորեն հիմք է, որպեսզի վերլուծվի՝ որտեղ են եղել բացթողումները, դրանք օրենսդրական մակարդակում են եղել, թե՞ օրենքի բացի հետևանքով կիրարկման արդյունքում և այլն», - ասում է նախարարը։






  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 539


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    v