Հայ-Ռուսական համալսարանում իր գործունեությունն է սկսել
«Ներդաշնակություն» հոգեբանական աջակցության և զարգացման կենտրոնը, որի
գլխավոր նպատակներն են ազգաբնակչության հոգեբանական առողջության պահպանումը
և ամրապնդումը, անձի կենսագործունեության ու կրթական գործունեության համար
բարենպաստ սոցիալ-հոգեբանական և հոգեբանամանկավարժական պայմանների
ստեղծումը:
Հայ-Ռուսական համալսարանի Հումանիտար գիտությունների ինստիտուտի
Հոգեբանության ամբիոնի վարիչ Ասյա Բերբերյանի հավաստմամբ՝ ՀՌՀ-ի ռեկտոր
Արմեն Դարբինյանի նախաձեռնողական աջակցությամբ ստեղծած վերոնշյալ կենտրոնն
իր մեջ ներառում է հոգեբանական ծառայությունը, հոգեբանական գիտահետազոտական
լաբորատորիան, կադրերի պատրաստման և վերապատրաստման և «Իմ ընտրություն»
դիմորդների մասնագիտական կողմնորոշման և անձնական աճի բաժինները։ «Մենք մեր
կենտրոնի ծառայությունները մատուցում ենք օնլայն և առկա ձևաչափերով։
Մարտին մենք անվճար հիմունքներով անցկացրել ենք «Սթրեսի կառավարում»
վեբինարը, որի միջոցով փորձեցինք օգնել մեր ուսանողներին (բակալավրիատ և
մագիստրատուրա) ձևավորել սթրեսային իրավիճակի համարժեք ընկալում, գնահատել
սեփական սթրեսակայունությունը, խուսափել ծանր հետևանքների բերող սթրեսային
վիճակներից, տիրապետել հակասթրեսային հաղորդակցության հմտություններին՝
խուսափելով սթրեսերից, մշակել սթրեսային իրավիճակներն արդյունավետ
վերապրելու անձնական ռազմավարություն»,- նշել է նա։
Նա շեշտել է, որ «Ներդաշնակություն» հոգեբանական աջակցության և
զարգացման կենտրոնը և ՀՌՀ-ի Հոգեբանության ամբիոնն առաջարկում են նաև
վճարովի դասընթացներ ինչպես մեր համալսարանի ուսանողների, այնպես էլ բոլոր
ցանկացողների համար։ «Մեր կենտրոնի և համալսարանի ամբիոնի հոգեբանները,
հոգեթերապևտները մի շարք թեմատիկ թրեյնինգների շարք են նախապատրաստել, որին
կարող են գրանցվել բոլոր ցանկացողները (ՀՌՀ-ի ուսանողների համար
նախատեսված են զեղչեր)։
Մեկ թրեյնինգի տևողությունն է 12-18 ժամ, որի
ավարտից հետո տրվելու են սերտիֆիկատներ (գրանցվել կարելի է hranush95martirosyan@gmail.com էլ․ հասցեով և/կամ 098 050-869, 093 566-272 հեռախոսահամարներով)»,- հավելել է Ասյա Բերբերյանը։
ՀՌՀ մամուլի ծառայություն
хорошие новости дня новости кавказа бесплатно