Մոտ 1 հա տարածքով այգին ամբողջությամբ կվերանորոգվի և կկանաչապատվի: Կտնկվեն շուրջ 40 տեսակի ծառեր։ Այգին կունենա ավելի քան 400քմ մակերեսով բնական լիճ և ջրավազաններ, ինչպես նաև հանգստի գոտիներ, ճեմուղիներ, ամֆիթատրոն, շախմատ, խաղահրապարակներ: Ճեմուղիները կձևավորվեն մոխրագույն և կարմիր բազալտով:
Այգու այցելուներն անմիջապես կզգան ժամանակակից տեխնոլոգիական առաջընթացի շունչը: Տարածքը լուսավորվելու է արևային էներգիայով աշխատող «խելացի» լամպերով, որոնք սենսորների միջոցով լուսավառվում են մարդկանց մոտենալուն պես և թուլացնում լույսը, երբ անցորդներ չկան: Այգում կլինի անվճար WiFi, իսկ հարևանությամբ կգործի ավտոկայանատեղի:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Վահե և Վիգեն Բադալյանները տնկեցին այգու առաջին ծառերը՝ հիմք դնելով smart այգու վերանորոգման ու կանաչապատման աշխատանքներին։ Միջոցառմանը ներկա էին նաև փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը և այլ պաշտոնատար անձինք։
Քաղաքապետն ընդգծեց, որ սա ևս մեկ քայլ է՝ ուղղված կանաչապատ Երևանը վերականգնելու գործընթացին։ Նրա խոսքով՝ այս տարվա ծրագրում քաղաքում շուրջ 10 հա տարածք է նախատեսվում կանաչապատել․
«Այսօր էրեբունի վարչական շրջանում մեկնարկ ենք տալիս մի նոր այգու կառուցման, որը Բադալյանների ընտանիքը ցանկություն է հայտնել ամբողջությամբ հիմնել և հանձնել երևանցիներին: Համոզված եմ, որ Էրեբունու բնակիչների համար սա լինելու է շատ սիրված մի վայր և այս այգին անհրաժեշտ է լինելու ոչ միայն երևանցիների, այլ նաև մեր քաղաքի հյուրերի համար: Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Բադալյանների ընտանիքին այգու հիմնանորոգման համար»,-նշեց Տարոն Մարգարյանը:
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախագահ Վահե Բադալյանը մեզ հետ զրույցում պատմեց այգու առանձնահատկությունների մասին․
«Մեր երազանքն է եղել, այգի կառուցել ու նվիրել Երևանին և մեծ հաճույքով իրականացնում ենք այս նախագիծը։ Առանձնահատկությունն այն է, որ այգում չի լինելու որևէ կոմերցիոն կառույց, որևէ խանութ, սրճարան, ռեստորան, այսինքն՝ բիզնես շահ չի հետպնդելու։ Սա նոր այգի է իր տեսակով, ամբողջությամբ լուսավորվելու է արևային էներգիայով, խելացի լույսերը նաև կխնայեն էներգիան: Այգին անտառի մի կտոր է լինելու Երևանում՝ առավելագույնս մոտեցված լինելով բնությանը»:
Այգու մի հատվածում տեղադրվելու է 9 մետրանոց հուշակոթող՝ նվիրված Երևանի 2800 ամյակին: Հուշակոթողի երկու կողմերում հայերենով և ուրարտերենով ներկայացվելու է քաղաքի ստեղծման վերաբերյալ արձանագրություն:
Գործելու են հասարակական զուգարաններ՝ տղամարդկանց, կանանց և սահմանափակ կարողություններով մարդկանց համար:
«Էրեբունի» այգու վերակառուցման աշխատանքները կատարվում են «Վահագն Բադալյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Հիմնադրամը ստեղծվել է Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանների կողմից՝ ընտանիքի կողմից պարբերաբար նախաձեռնվող բարեգործական ձեռնարկները կյանքի կոչելու համար:
Նշենք․ որ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնում են Ֆասթ Կրեդիտ վարկային կազմակերպությունը, Կովկաս պանդոկը և Կովկաս հյուրանոցային և ռեստորանային համալիրը, Վիվառո և ԲեթԿոնստրակտ ընկերությունները: