Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մահիր Ունալը կոչ է արել ռուսաստանցի զբոսաշրջիկներին շարունակել մեկնել իրենց երկիր հանգստանալու, անկախ հարաբերությունների վատթարացումից, հայտնում է Anadolu գործակալությունը:
«Զբոսաշրջության ոլորտը պետք է առանձնանա քաղաքականությունից»,- ասել է նա: Ունալը նշել է, որ ինքն անձամբ է ցանկանում ռուսաստանցիներին հրավիրել: «Լինելով մշակույթի եւ զբոսաշրջության նախարար՝ ես կցանկանայի ասել Ռուսաստանի քաղաքացիներին, որ Թուրքիան ձեր տունն է: Դուք կարող եք այստեղ անցկացնել անվտանգ արձակուրդներ, ինչպես նախկինում»,- հայտարարել է նախարարը:
Նշվում է, որ միայն անցյալ տարի գրեթե 3 մլն ռուսաստանցի զբոսաշրջիկներ են այցելել Թուրքիա:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննադատել է Ռուսաստանի կողմից Անկարայի նկատմամբ կիրառած տնտեսական պատժամիջոցները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրքական օդանավերը խոցել էին ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչը: Թուրքիան իր վրա է վերցրել պատասխանատվությունը՝ մեղադրելով Ռուսաստանին իրենց օդային տարածքը խախտելու մեջ: Մոսկվան պնդում է, որ օդանավը թռիչք է կատարել Սիրիայի տարածքում:
Աղբյուր՝ Anadolu
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան