Իտալիայում հայտարարվեց կորոնավիրուսով հիվանդների բուժման դրական արդյունքի մասին՝ ռևմատոիդ արթրիտը բուժող դեղամիջոցի (Tocilizumab) շնորհիվ, որը պատրաստվել է դեղագործական Roche ընկերության կողմից:
Հիվանդանոցները սկսեցին Իտալիայի բժշկական գործակալությանը (AIFA) խնդրել հաստատել նման բուժման ծրագիրը: Այս մասին հայտարարել է Նեապոլի Կոտունյո հիվանդանոցում վարակիչ հիվանդությունների մասնագետ Վինչենցո Մոնտեսարչիոն,- հայտնում է La Repubblica-ն:
Ըստ նրա, մարտի 14-15-ին Նեապոլի Կոտունյո հիվանդանոց բերված չորս հիվանդներ, որոնց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, բուժում են ստացել «Tocilizumab» դեղամիջոցով:
Սա գիտական փորձի արդյունք էր, որի արձանագրությունը հաստատվեց պետական մակարդակով: Ընդհանուր առմամբ, Նեապոլում արդեն 11 հիվանդ բուժվել է նշված դեղամիջոցով, և արդյունքները տպավորիչ են:
Այլ հիվանդանոցներ նույնպես հաղորդել են դեղամիջոցի դրական ազդեցության մասին: Պրատոյի և Կոզենցեի բժշկական հաստատություններում մի քանի հիվանդներ, ովքեր բուժվում էին Tocilizumab-ով, սկսել են ապաքինվել:
Փորձը շարունակվել է Ապուլիայում: «Որոշ հիվանդներ, որոնք վարակվել են կորոնավիրուսով, արդեն սկսել են «Tocilizumab» դեղամիջոցի կիրառումը,- ասում է տարածաշրջանային թիրախային խմբի ղեկավար Պիեռլուիջի Լոպալկոն:
Մյուս շրջաններում նույնպես նկատվել է «Tocilizumab»-ի կրառումից հետո հիվանդների վիճակի արագ բարելավում: Roche ընկերությունը հանրապետության տարբեր հիվանդանոցներում բաշխել է մոտ 600 միավոր դեղամիջոց:
AIFA-ի պատասխանը, արդյոք հնարավոր է դեղամիջոցը պաշտոնապես օգտագործել որպես կորոնավիրուսի դեմ դեղամիջոց, դեռևս չի ստացվել, սակայն բժիշկները հույս ունեն, որ մոտ ապագայում Tocilizumab-ը կհաստատվի զանգվածային օգտագործման համար: