• 16:30 – Ովքե՞ր են ընտրելու «Ալյանս»-ին արտահերթ ընտրություններին 
  • 13:27 – ՌԴ նախագահի խորհրդականը կարծում է, որ չպետք է դոլար օգտագործվի ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև առևտրի համար 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

ՀՈԳԵՎՈՐ ԷՋՄԻԱԾՆԻՆ`«ԱԹԵԻՍՏ» ՔԱՂԱՔԱՊԵ՞Տ



Որոշ մեդիահարթակներ փորձում են, ինչպես ասում են, պղտոր գետում ձուկ բռնել, ժամանակ առ ժամանակ իբրև փաստ ներկայացնելով  ինչ-ինչ «ապացույցներ», որոնք իրականության հետ այնքան էլ աղերս չունեն։ Նմանօրինակ «հոդվածները» գրվում են  սենսացիա կորզելու, դիտում բերելու միտումով, չունեն ոչ մի «մարդասիրական» նպատակ, քանի որ հիմնականում չեն համապատասխանում իրականությանը։


Այ օրինակ, սոցցանցերում ակտիվ քննարկվում է Էջմիածնի քաղաքապետի այժմյան պաշտոնակատար  Դիանա Գասպարյանի գրառումը, որն արվել է․․․ վեց տարի առաջ։ Թե ինչու են «լրատվականները» քրքրում մարդկանց անձնական էջերը, և տարիներ առաջ գրած գրառումները հանում ջրի երես՝ անհասկանալի է։ Իրականում հասկանալի է, բայց դե ձևացնենք, թե չենք հասկանում արածի տողատակը։


Համենայնդեպս, պրոֆեսիոնալ  ոլորտում ընդունված չէ մարդկանց խիստ անձնական գրառումները հանրայնացնել՝ այն էլ այսքան տարի հետո։ Եթե լիներ ինչ-ինչ քաղաքական պաշտոնական հայտարարություն, որը նաև տարածվել է անձնական էջերով, և հիմա կարիք կա նախորդ ու ներքին տեքստերը համեմատության մեջ դնելու՝ խնդրեմ, մասնագիտորեն ճիշտ է, ընթերցողին ներկայացնում ես «անցյալն ու ներկան»։ Բայց այսօր տարատեսակ կայքեր լուրջ-լուրջ քննարկում են Դիանա Գասպարյանի հումորային գրառումներից մեկը՝ «Աստված չկա․ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարը աթեիստ է» վերնագրերով համեմելով։ Ահա այն՝


 


7


Նախ, սենսացիա չփնտրող մարդու համար պարզ է, որ գրածն ուղղակի հումոր է։ Գուցե որոշ մասին, հատկապես՝ հավատացյալ մարդկանց այն դուր չգա, բայց մենք չենք քննարկում այս հումորային գրառման լավ կամ վատ լինելը։ Այն, փաստացի, ուղղակի հումոր է, և պարտադիր չէ, որ դուր գա կամ  չգա որևէ մեկին։ Անձնական էջ է՝ անձնական գրառմամբ, ոչ մի խնդիր։


Եվ հետո, դիցուք՝ հումոր չէ, քաղաքապետի պաշտոնակատարն իսկապես աթեիստ է։ Ե՞վ։ Սա խոսո՞ւմ է իր մասնագիտական լավ ու վատ կողմերի մասին, տեղեկացվածության, գիտելիքի ու հմտությունների մասին։ Նախ՝ պաշտոնակատար է, հնարավոր է, որ չդառնա քաղաքապետ։ Հետո, անգամ եթե դառնա, ո՞վ է ասել, որ աթեիստ լինելը խանգարելու է աշխատանքում։ Չէ՞ որ Էջմիածինը կրոնապետություն չէ։


Աստծուն չհավատալը  նախ՝ անձնական որոշում է, և շատ «ներքին» թեմա, ոչ մեկն իրավունք չունի քչփորել «հավատքային» հարցերը։ Եվ եթե, դիցուք, քաղաքապետի պաշտոնակատարը քաղաքապետ դառնա, գուցե հարցին հենց անձնակա՞ն առումով վերաբերվի ու տարանջատի՞ հանրային գործից։


Անգամ եթե հավատք չունի, ի՞նչ խնդիր ունի՝ կրոնական բոլոր ծեսերին, միջոցառումներին մասնակցելու մեջ՝ եթե ի պաշտոնե պարտավոր է ներկա լինել։ Չէ՞ որ Աստծուն չհավատալը չի նշանակում ատել հոգևորականներին, արհամարհել հավատացող մարդկանց, ցանկանալ վառել եկեղեցիները, արտաքսել կաթողիկոսին Սիբիր և կախել առաքելական եկեղեցու բոլոր հետևորդներին։ Ոչ մի դժվարություն չկա՝ դիմացինի որոշումը հարգելու ու ընդունելու մեջ, կարելի է անգամ շատ քաղաքակիրթ շփվել եկեղեցու սպասավորների հետ, սիրով մասնակցել միջոցառումներին, նույնիսկ խոսքով հանդես գալ՝ ոչ թե սեփական տեսակետդ կեղծելով, այլ ուղղակի անկեղծորեն ընդունելով ու նշելով, որ հասկանում ես՝ իրենց համար որքան կարևոր է հավատքը, տվյալ հոգևոր տոնը և այլն։


Գուցե հավատք ունեցող մարդկանց համար վատ է հնչում, բայց բոլորս պետք է ընդունենք, որ ոչ մեկը պարտավոր չէ ունենալ հավատք, կամ լինել աթեիստ։ Ցանկացած մարդ ունի կրոնի ազատություն՝ Սահմանադրությունն է պնդում։ Որովհետև սրանք անձնական ընկալումներ ու որոշումներ են, որոնք միայն տվյալ մարդուն են վերաբերում, և նրա «արտաքին» գործերի հետ կապ չունեն։ Իսկ քաղաքապետ կամ քաղաքապետի պաշտոնակատար լինելը հենց «արտաքին» գործ է, և չմոռանանք, որ այս և մնացած գրառումներն ուղղակի արվում են «եթե»-ների վրա։ Պետք էլ չի իմանալ ճշմարտությունը, Դիանա Գասպարյանը պարտավոր չէ բացատրություններ տալ իր կրոնական ընկալումների համար, ու շատ լավ կանի, եթե այդպես էլ ոչինչ չմեկնաբանի։ Վտանգավոր չէ ունենալ աթեիստ քաղաքապետ՝ «հավատակենտրոն» քաղաքում, եթե լավ մասնագետ է, տիրապետում է իր գործին ու կարող է քաղաքում շոշափելի դրական փոփոխություններ բերել։ Շատ ավելի վտանգավոր է ունենալ մեդիա, որը կարող է կրուասանի մասին անմեղ հումորից «սենսացիա» դարձնել։ Սա վտանգավոր ու տխուր է, իսկապես։


Հ․գ․ Այնպես է ստացվել, որ իմ ընկերների մեծամասնությունը աթեիստներ են։ Բայց դա նրանց չի խանգարում, օրինակ, ինձ հետ եկեղեցի մտնել, ես կարող եմ, օրինակ, մոմ վառել, իրենք էլ ուղղակի ուսումնասիրում են շենքի ճարտարապետությունն ու զբոսնում եկեղեցով, ուսումնասիրում նկարները։ Ինձ էլ չի խանգարում հավատին վերաբերող նրանց հումորների վրա մի լավ ծիծաղել ու էլ ավելի սուր հումորներ պատմել։ Հավատքի հարցերում երբեք չենք վիճում, երբեմն ունենում ենք շատ հետաքրքիր քննարկումներ, որտեղ մեկս մյուսին չի փորձում հակառակն ապացուցել, ուղղակի տեսակետներով ենք կիսվում։ Սա դիմացինին, ու դիմացինի կարծիքը հարգելու կարևոր նշան է։ Եվ այսպես ապրելը բացարձակ բարդ չէ՝ եթե ցանկություն կա։


Սյունե Սևադա 

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 29


    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր