Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS ՏՏ ոլորտում առաջ ենք ընթանում արագանցիկ տեմպերով » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 08:30 – Ընդհատակյա շարժման առաջնորդները միջնորդություն են ներկայացրել դատարան. փաստաբան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 11:12 – Հանցագործություն կատարելուց հետո, բոլորի կարգավիճակը պետք է լինի մեկը՝ կալանավոր։ | Տիգրան Ուրիխանյան 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

ՏՏ ոլորտում առաջ ենք ընթանում արագանցիկ տեմպերով

Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ Նախագահի 2017թ. կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ Նախագահը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները: Յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են նաև հուշախորհրդանիշներ և դրամական պարգևներ:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։


Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և այս տարվա կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին՝ մաղթելով, որ այդ մրցանակները լինեն նրանց առաջին քայլը մեծ հաջողությունների ճանապարհին:


Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 26 ուսանող և 17 աշակերտ 6 բուհից և 8 ավագ դպրոցից: Մինչ այսօր ՏՏ ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ Նախագահի կրթական պարգևին արժանացել են 452 ուսանող և աշակերտ:


Միջոցառման շրջանակներում Նախագահի նստավայրում հյուրընկալվել է նաև 10-18 տարեկան աղջիկների համար աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական մրցույթում՝ «Թեքնովեյշն»-ում հաղթած Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի աղջիկների թիմը, որը «Կրթություն» անվանակարգում ստեղծել է «Հայերեն ժեստերի լեզու» բջջային հավելվածը: Հանրապետության Նախագահը նրանց ևս շնորհավորել և խրախուսել է նվերներով:


Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի կրթական պարգևների հանձնման արարողության ժամանակ 


Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,


Սիրելի՛ ուսանողներ,աշակերտներ,


Շնորհավորում եմ ձեզ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության Նախագահի կրթական պարգևներին արժանանալու կապակցությամբ:


Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացումն արդեն տարիներ շարունակ մեր ուշադրության կենտրոնում է և մեր առաջնահերթություններից է: Դրա դրսևորումներից մեկը երիտասարդության ուշադրությունն այս ուղղության վրա սևեռող այս լավ մրցանակն է:


Ուրախալի է, որ տարիների այս աշխատանքն արդեն արդյունքներ է տալիս: Մենք տեսնում ենք հայկական նոր ստարտափներ, որոնք ամուր տեղ են սկսում զբաղեցնել համաշխարհային շուկայում:


Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր մասնագետների մշակած ծրագրերը ներբեռնվում են աշխարհի տասնյակ միլիոնավոր մարդկանց ձեռքի հեռախոսներին: Ունենք բազմաթիվ դրական օրինակ, երբ հենց հայաստանցի մասնագետներն են գտել եզակի լուծումներ, որոնք կիրառվում են ողջ աշխարհում:


Այս բնագավառում մենք առաջ ենք ընթանում արագանցիկ տեմպերով: Վստահ եմ, որ հենց այս ձևով կարող ենք ապահովել թռիչքային զարգացում և առաջընթաց արձանագրել Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշներում:


Գաղտնիք չէ նաև, որ տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաները հեշտությամբ սահմաններ և մաքսակետեր են հաղթահարում, անգամ անբարյացկամ հարևանների կողմից փակված սահմանների դեպքում: Այս փաստարկի իրավացիության մեջ համոզվելու համար բավական է տեսնել, թե ինչ թափով են այդ երկրներում ձեռքի հեռախոսների վրա ներբեռնում և օգտագործում հայ մասնագետների ստեղծած, օրինակ, «ՊիկսԱրտ» հավելվածը: Թող նրանց կառավարությունները որքան ուզում են շարունակեն իրենց հաշվարկած՝ իբր թե մեզ խեղդելու քաղաքականությունը: Նրանց պարտադրած կապանքները մենք կարող ենք հաղթահարել մեր երիտասարդների տաղանդի և մտքի ստեղծագործական թռիչքի միջոցով:


Սիրելի՛ երիտասարդներ,


Այս մրցանակը մեր հայրենիքի գիտական և տեխնոլոգիական զարգացման միակ գործիքը չէ: Անցած տարիների ընթացքում մենք հանդես ենք եկել նման բազմաթիվ նախաձեռնություններով: Նրանց անունները ձեզ քաջ հայտնի են՝ «Լույս» հիմնադրամը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և այլն: Դրանց լրացնելու է գալիս Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը, որն ավելի հայտնի է իր անվանման անգլերեն «ՖԱՍՏ» հապավումով:


Մենք նաև խրախուսում ենք նրանց միջև հորիզոնական կապերը և համագործակցությունը: Նույն «Լույս» հիմնադրամը դուրս եկավ իր ավանդական շրջանակներից և հանդես եկավ որպես «ՖԱՍՏ»-ի՝ զարգացման այդ նոր ծրագրի համահիմնադիր:


Այդ բոլոր գործիքները ստեղծվել են ձեզ համար, սիրելի՛ երիտասարդներ: Դուք պետք է օգտվեք դրանց ընձեռած բոլոր հնարավորություններից: Դուք պետք է լինեք համարձակ և երբեք չվախենաք հանդես գալ նոր գաղափարներով և նախաձեռնություններով:


Դուք պետք է անպայման փորձեք, եթե անգամ մի նախաձեռնությունում ձախողվեք՝ երբեք ու երբեք չհիասթափվեք: Կրկին փորձեք, կրկին ձախողվեք և ևս մեկ քայլով մոտեցեք ձեր հաջողությանը: Փորձեք սովորեք, կատարելագործվեք, և հաջողությունը չի ուշանա: Դա իմ պատգամն է ձեզ և ձեր բոլոր ընկերներին ու հասակակիցներին: Հիշեք՝ շատ եզակի են դեպքերը, երբ գիտության և տեխնոլոգիաների

բնագավառներում միանգամից մարդը հասնում է հաջողության: Այո՛, եզակի դեպքեր լինում են, բայց այդ հաջողություններին կարելի է հասնել միայն ու միայն տքնաջան աշխատանքով և բազմաթիվ փորձերից հետո:

Մենք՝ Հայաստանի պետությունը և մեզ հետ միասին նաև մեր մասնավոր հատվածի ներկայացուցիչները, միշտ լինելու ենք ձեր կողքին, որպեսզի նպաստենք ձեր առաջընթացին և հաջողությանը:


Թող այս մրցանակները լինեն ձեր առաջին քայլը մեծ հաջողությունների ճանապարհին: Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում լավ, պայծառ ապագա:


Շնորհակալ եմ:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 180


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր