• 21:44 – Ֆինլանդիայում անհայտ անձը դանակահարել է անցորդներին. 2 մարդ զոհվել է, կան վիրավորներ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

«Ապրիլ 24»ը Երեւանում – 1965թ.

ՍՏԵՓԱՆ ԱԼԱՋԱՋԵԱՆ


 


 


ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ


 


yerevan1965e«Երեւանում տեղի է ունեցել աննախընթաց, անսպասելի բազմահազարանոց ցոյց, որի ժամանակ ցուցարարները հողեր են պահանջել Թուրքիայից, խանգարել են բնակչութեան հանգիստը, կասեցրել են փոխադրամիջոցների ծառայութիւնը, առանց թոյլատրութեան բանուորները լքել են աշխատանքը, որը համազօր է գործադուլի՝ անչափելի նիւթական վնասներ հասցնելով պետութեանը, ուսանողները առանց արտօնութիւն ստանալու դասի չեն նստել, որը համազօր է դասադուլի, եւ ուսանողների հետ փողոց են դուրս եկել մտաւորականները, գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, ճարտարապետներ, ակադեմականներ, գիտնականներ, դասախօսներ, իսկ երեկոյեան՝ խանգարել են հանդիսաւոր նիստը, ջարդել են օփերայի ապակեպատ փեղկամուտները, մինչեւ ուշ գիշեր աղմկելով փողոցներում: Յետաձգուել է հանդիսաւոր նիստի գեղարուեստական բաժինը:


Եղել են ձերբակալութիւններ»:


 


ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ


 


Ցոյց էր դա այն մեծ անարդարութեան դէմ, որ կատարուեց հայ ժողովուրդի նկատմամբ, ուր դրսեւորուեց մեր երիտասարդութեան ազգային գիտակցութիւնն ու հայրենասիրութիւնը, մեր հայրենիքի մի մեծ մասը կորցնելու ցաւը: Մեր գոյութեան բարձրագոյն արտայայտութիւնն էր դա, ազգային արժանապատուութեան վերականգնումը: Ցոյց էր անարդարութեան դէմ:


Այն երիտասարդութիւնը, որ մենք ունենք, չէր կարող պատմական իրաւունքների գիտակցութիւնը չունենալ եւ չունենալ այն յաւակնութիւնը, թէ զարգացած երկրների երիտասարդների պէս ինքն էլ կարող է դուրս գալ խաղաղ ցոյցի:


Հիւսիսային բարձունքով իջայ քաղաք, երբ հովը կաղալով, ծառից ծառ թռչելով հասնում էր Աբովեանի պուրակը: Հովը խոնաւ էր: Թեթեւ ու բարի, շոյող ձեռքի պէս քսւում էր դէմքիս, որից վեր, ճակատիս վրայ, զգում էի քրտինքի յայտնուիլը:


Երբ մօտենում էի համալսարանին, Նալբանդեան փողոցից դէպի ձախ էին թեքւում Գիւղատնտեսութեան ինստիտուտի ուսանողները, մեծ մասամբ աղջիկներ, իսկ Մոսկովեան փողոցով առաջանում էին Թատերական ինստիտուտից՝ շարքեր կազմած, արագ քայլերով:


Այնտեղ, ուր այժմ Տիգրան Պետրոսեանի անուան ճատրակի ակումբն է, համախմբուած էին հարիւրաւոր երիտասարդներ:


Այնտեղից դէպի ինձ շարժուեց մի պատանի: Կարծես ոսպի փշրուած հատիկներ էր ցանցընել այտերին, մեղրագոյն ներկել մազերը, ու ծոծրակից ներքեւ աճել-շատացել, հասել էին շապիկի օձիքը ծածկելու չափ:


Ռո՞ւս էր, պեպենոտ:


Բայց աչքերը սեւ էին, փայլփլուն, խոշոր, եւ վկայում էին, որ հայութիւն կար վրան:


_ Գնա՞նք,_ ասաց նա ինձ այնպէս, ասես վաղուց էր ճանաչում:


_ Անունդ ի՞նչ է:


_ Անդրէյ Պատկին, «Ուխտ»ի տղաներից եմ: Համալսարանի ռուս գրականութեան մասնաճիւղից… Դասեր չեն լինի… ինձ Չիժիկ են կանչում:


yerevan1965a Մուտքի դիմաց, որ ասֆալտապատ ճամբան պուրակը բաժանում է համալսարանական տարածքից, մի հացենու տակ կանգնած էին երկու հոգի: Ծանօթ դէմքեր էին: Արեւը դեռ հեռու էր քաղաքից ու չէր տաքացնում ստուէրոտ կողմերը: Ապրիլեան արեւ էր, որ երբեմն զով էր պահում երկիրը, որպէսզի նայենք, թէ ինչպէս են ծաղկում ծիրանիները, ինչպէս է պտկում դեղձենին:


Խանջեան փողոցով եկան Մանկավարժական ինստիտուտի տղաներն ու աղջիկները եւ լցուեցին այն ազատ տեղերը, որ անկիւնադարձ էին կազմում Ներքին գործերի նախարարութեան մասնաշէնքի հետ ու ապա օձախորշի նմանուող Անվտանգութեան կոմիտէի շէնքը:


_ Այս ինչպէ՞ս…


Չիժիկը նայեց թեւի ժամացոյցին:


_ Բոլոր բուհերին (բարձրագոյն ուսումնական հաստատութիւններին) տեղեակ ենք պահել: Գալի՞ս են… ուռռա՜հ…


Շարժուեցի դէպի հացէնին:


Ուժեղ է այն ժողովուրդը, որ ունի ուժեղ անհատականութիւններ եւ ուժեղ է այն պետութիւնը, որի անհատականութիւնները ժողովրդի հետ են:


Չիժիկը չընկերակցեց ինձ: Սպասում էր ինչ-որ բանի, ինչ-որ մէկին:


_ Չէ՞ք ուզում այս կողմ գալ,_ նա ցոյց տուեց համալսարանի մուտքը:


_ Հազարաւորների միջի՞ց…


_ Մենք մեր անցնելու շարքերն ունենք…


_ Յետոյ կը գամ:


Ու մօտեցայ նրանց, ովքեր հացէնու ստուէրի տակ էին ու զեփիւռի ծափն էր նրանց պտերին, իսկ աչքերի մէջ՝ տագնապ:


_ Ի՞նչ լաւ է, երբ դասախօսներն իրենց ուսանողների հետ են նաեւ լսարաններից դուրս, _ ասացի ես ու զղջացի: Ո՛չ, Նորայր Քոչարեանը պէտք չէ այստեղ լինէր: Չորս օր առաջ նա պառկած էր անկողնում՝ ողնաշարի սարսափելի ցաւով: Շուրթերը պինդ կպած էին իրար, ասես՝ սօսնձած լինէին: Ցաւն էր զսպում: Պրստել էր թաւ յօնքերը, որից աջ այտի խալը կարծես մօտեցել էր շուրթերին: Նայուածքի մէջ ժպիտ չկար, այն ժպիտը, որ երեւում էր հիմա: Նա պէտք չէր գար: Նա պէտք էր այն արշաւախմբին, որ հետազօտելու էր տիեզերական ճառագայթների բաղադրութիւնը՝ յատկապէս ծովի մակերեւոյթից հազարից մինչեւ հազար երկու հարիւր յիսուն մետր բարձրութիւն եւ ուսումնասիրելու էր տիեզերական ճառագայթման մասնիկների, ատոմային միջուկների փոխազդեցութիւնը: Նա ելեկտրա-մագնիսների փորձագիտարանի վարիչն էր, Ալիխանեան եղբայրների կողքին միջուկային ուժերի խաղաղ օգտագործման կոմիտէի անդամ…


_ Սքանչելի երիտասարդութիւն ունենք,_ ասաց նա,_ արեւ է, հով է, Ապրիլ ամիսն է, հիւանդութիւնը կարելի է մոռանալ:


Կողքին մէկ ուրիշ դասախօս՝ մաթեմատիկոս, ակադեմիայի անդամ Արտաշէս Շահինեանը:


Հաստ յօնքեր ունէր, մատի պէս հաստ, իրարից հեռու: Կիսագանգուր մազեր ունէր, սպիտակ թելիկներով ալիքաւորուած: Հագնուած էր վայելուչ, կեցուածքը՝ ազնուաբարոյ, արտայայտութիւնը՝ մտահոգ ու խոհոււն:


_ Սա ի՞նչ հաւաք է, այս ի՜նչ բազմութիւն: Դասադո՞ւլ է:


_ Այստեղ եօթ հազար չէ, եօթանասուն հազարից աւելի են ուսանողները, աշակերտներ էլ կան, երիտասարդ բանուորներ, դասախօսներ, մտաւորականներ…


_ Ապրիլի 24ն է:


yerevan1965b_ Շիրազին կանչել են, բայց չկա՜յ…_ եկաւ ու ասաց Չիժիկը:


Ինչո՞ւ, Աստուած, ինչո՞ւ այս սեւաչուի, գեղեցիկ պատանու դէմքին ոսպի հատիկներ ես ցանել ու մազը դեղնագոյն ստեղծել, որ տեսնողը ասի՝ թէ նա ռուս է: Նրա առոգանութիւնն է միայն ռուսական: Աչքերի մէջ, որ սեւ են, ոգին է նրա, իսկ ոգին մօրն է, մայրական, հայկական…


_ Եկէք, եկէք այնտեղ, բոլոր գրողները, նկարիչները այնտեղ են…


Նայում էի շուրջս:


Չիժիկը կողքիս էր: Նա հասկացաւ, թէ ո՛ւր է գնում նայուածքս, ի՞նչ եւ ո՛ւմ եմ փնտռում… եւ… տեսա՜յ… Քակեբէականներին…


_ Մի վախենաք, նրանք իրենց ուսանող զաւակներին չեն ձերբակալի, մենք նրանց, ով այդ կոմիտէում է աշխատում, որդիներին կանչել ենք, պարտադրել, որ գան, իսկ նրանք կամաւոր են եկել: Նրանք մեզ հետ են, այդ լռել գիտցողները, լսել գիտցողները…


Ու քայլեցինք դէպի համալսարանի շքամուտքը:


Շքադո՞ւռ, թէ դարպաս:


Խօսում են բոլորը եւ չգիտես՝ թէ ի՞նչ:


Որքան ժամանակ է, որ լռել է ամբողջ մի ժողովուրդ: Յիսուն տարի՞…


Բայց եթէ լռում են զանգուածները, դա չի նշանակում, որ ասելիք չունեն: Եթէ չեն կանգնում ոտքի ու դիտում թաքնուածների գործելակերպը, չի նշանակում, որ ոչինչ չեն տեսնում: Եթէ չեն ընդվզում, չի նշանակում, որ չեն մտածում իրենց անելիքի մասին, թէ գոյատեւելու հոգսն է պատել նրանց, ապա չի նշանակում, որ կորցրել են մտաւորը, հոգեկանը ու դարձել հաշմանդամ: Շարժւում են զանգուածները: Առջեւում ջահելներն են: Ժողովուրդի ոգու ձայնն է շարժւում նրանց մէջ:


_ Սա հոգու ցաւերի թօթափումն է, երբ ապաքինւում է ոգին, սրտին բերում է հանգստութիւն, yerevan1965dմտքին՝ բեռնաթափում: Է՛լ մեր ցաւերի հետ հաշտութիւն չենք փնտռի, չենք փնտռի, թէ ի՞նչ են կորցրել մեր պապերը, քանի որ ամէնից մեծը մեր խլուած հայրենիքն է:


Ի՞նչ բազմութիւն է, Աստուած:


Արեւի խաղն է ծառերի վրայ ու շարժուող ստուէրների պարը հողին: Շքամուտքի հարթակի վրայ տեսայ Սիլվա Կապուտիկեանին, Պարոյր Սեւակին, Սօս Սարգսեանին, ապա Համօ Սահեանին ու բազմաթիւ այլ մտաւորականների, շրջապատուած «Ուխտի» տղաներով:


Հաւաքի ղեկավարութիւնն անցել էր արդէն Պետական համալսարանի աւագ կուրսերի ուսանողներին, յայտնի կոմերիտականներին եւ «Ուխտի» տղաները կատարում էին նրանց հրամանները:


Բեմ չկար, բարձրախօս չկար:


Եկան Բրիւսովի անուան օտար լեզուների ինստիտուտի ուսանողները, նրանցից յետոյ գիւղ-ինստիտուտինը:


Սա այն ժամն էր, որ կարելի էր ոգեկոչել եղեռնի քստմնելի պատկերի վերագծումը, առիթ տալ ազգային ազնիւ զգացմունքների զարթնումին:


Բայց Սիլվան ձայնեց.


_ Տղաներ, շարժւում ենք դէպի հրապարակ…


Շարժուեցինք:


Մայթերի վրայ միլիցիոներներ երեւացին ու կանգնեցին շուարած, բութ աչքերով, դէմքերի վրայ մի պաղութիւն կար, որ ապրիլեան հովից չէր: Չեն շարժւում: Ոչ թէ անելիք չունեն, այլ հրահանգն իսկ չունեն… Մի քանիսը իրենց որդիներին տեսան քայլողների մէջ ու երկիւղից դեղնեցին: Ոմանք շուռ տուեցին իրենց դէմքերը, իբր չեն տեսել…


Ի՞նչ կը լինէր, եթէ յանկարծ հրաման արձակուէր՝ ձերբակալել ու կալանաւորել առաջին շարքերը:


_ Ի՞նչ են ուզում:


Հեռաւոր մի պաստառի վրայ գրուել էր՝ «Արդար լուծէք հայոց հարցը»:


Բազմութեան միջից երկու անգամ լսուեց._ «Հողե՜րը, հողե՜րը…»:


yerevan1965gՍա պարզապէս, շա՛տ պարզապէս, մի համարձակ քայլ է՝ յայտնելու մի ճշմարտութիւն, թէ 1915ին տեղի է ունեցել ահաւոր մի ոճիր, մի ցեղասպանութիւն, անչափելի մի անարդարութիւն հայ ժողովուրդի մի հատուածի հանդէպ: Գրաւել են մեր հայրենիքի մի մասը, բնակիչների տունն ու տեղը, եւ թող այս իրողութիւնը ճանաչուի, հենց թող սովետական աշխարհը ճանաչի, որպէսզի չարգելուի յիշելն անգամ, այդ մասին գրե՜լն անգամ:


_ Այս երկրից վտարուած ճշմարտութիւնն են ուզում ետ բերել:


_ Է՜հ, այս երկրում ճշմարտութիւններն գրում են թղթի վրայ ու թուղթը այրում, դրա հետ այրելով ճշմարտութիւնը եւ կատարում ուրիշ բան…


Հովն ընկել է անկիւնները, իսկ արեւը՝ փողոցի վրայ, մեզ վրայ:


Աբովեան փողոցի կողմը թեքուեցին աղջիկների մի քանի խմբեր ու նրանց ետեւից տղաները, որպէսզի այդ փողոցում ազատ շրջող մարդկանց ընդգրկեն իրենց խմբերում: «Ուխտի» տղաները իջնում էին Ալավերդեանով, իրենց միջեւ պահելով Սիլվա Կապուտիկեանին, Պարոյր Սեւակին, Համօ Սահեանին, Սօս Սարգսեանին ու մի քանի ճարտարապետների, որոնց չեմ ճանաչում: Ես Չիժինի հետ եմ: Մեր շարքին միանում են անցորդներ, եւ անցորդները շատ են, որովհետեւ իջել են իրենց բարձրայարկ շէնքերից, դուրս են եկել խանութներից, գրասենեակներից:


Մէկ ուրիշ հոսանք էլ իջնում է Նալբանդեանով:


Իջնում են, իջնում են, բազմանում, շատանում, ալիք-ալիք, խումբ-խումբ, լուռ ու կանոնաւոր, որովհետեւ արդէն գիտեն, թէ ինչ է այս երթը…


Ազիզբեկովի (այժմ՝ Սախարովի) հրապարակի մօտ տեսայ Չարենցի դուստր՝ Արփիկին, որ կանգնած էր Գուրգէն Եարալեանի հետ, որի աքսորում մահացած հօր անմեղ լինելու թուղթը նոր էր եկել:


Ու պատկերացրի բանտարկուած, աքսորուած, սպանուած տասնեակ հազարաւոր հայ մարդկանց զաւակներին, որոնք յանկարծ իմացան, որ իրենց հայրերը անմեղ են եղել ու իրենք ի զուր եւ անարդարօրէն են որբացել… երեխաներ, աղջիկներ ու տղաներ, որոնք հայր ու մայր են երազել ու յանկա՜րծ…


Իսկ մենք յիսուն տարի առաջ գիտէինք մեր հայրերի, մայրերի, քոյրերի, եղբայրների ու բոլոր հարազատների անմեղ զոհուելը…


Սովետական ռեժիմի կողմից անմեղօրէն դատապարտուածների զաւակները, եթէ չեն ներում այս ռեժիմին, չեն արդարացնում նրա յարատեւումը, ապա մենք ինչպէ՞ս ներենք իթթիհատականներին…


Հիմա բոլորն այստեղ են՝ ուսանողների շարքերի մէջ, եւ եղեռնում զոհուածների զաւակներս ու թոռներս, եւ այս ռեժիմի բռնութիւնից զոհուածների ժառանգները: Եւ մեզ հետ են նաեւ հայրենական կոչուած համաշխարհային երկրորդ պատերազմի դաշտում ընկածների զաւակները, որոնք ստացել են իրենց հայրերի մահուան սեւ թուղթը, բայց շատերը չգիտեն, թէ ինչպէ՛ս եւ ո՛ւր մեռան իրենց հայրերը…


Ու քայլում էինք բոլորս:


_ Քրտնո՜ւմ էք,_ նկատել տուեց ինձ Չիժիկը:


yerevan1965 Քայլում էի ես ու մտովի կարծում էի, որ քայլում եմ նրանց հետ, որոնք եղեռնում կորցրել են իրենց գերդաստանների ու պապենակա՜նը…


Ու ցաւն էր առաջնորդում մեզ, անապատով քայլող մեր հայրերի, հօրեղբայրների, մայրերի ու քոյրերի ոտքերի ցաւը, ծակող աւազի, մացառների ծակծկոցների, ասկարների, մտրակների պատճառած ցաւը, ու ցաւից քարացած յիսուն տարիների մորմոքի պոռթկումը մեր մէջ, մէջը՝ հատուցման պահանջ, մէջը՝ վրէժի պտղունցը, որը բացուել չի կարող, մէջը, անշիրիմ հարազատների ոսկորների խշրտոցը…


Հրապարակը լցուած էր…


_ Ո՞վ է խօսելու, ի՞նչ է լինելու, Չիժի՛կ…


Հարցրեցի, բայց զղջացի:


_ Չգիտեմ, կ՛ուզէ՞ք գնամ-իմանամ…


_ Չէէ՜է:


Հրապարակի վրայ արեւն էր իջել, ու հովը թեթեւօրէն՝ արեւի վրայ…


Պէտք էր արդեօք խօսել, երբ սա սգոյ երթ էր: Այսպիսի քայլելը ինքնին խօսել չէ՞, ձայն չէ՞, հազարաւոր քայլերի մեղմ դոփիւնը, մեր ոտնաձայները մեր աղաղակը չե՞ն, այս քայլելը սերունդների բարձրաձայն արտասուելն է նահատակների համար:


Չիժիկն ինձ առաջնորդեց «Սպաների տան» (դոմ օֆիցերով) առջեւ, Լենինի արձանի աջ կողմի փողոցահայեաց շէնքի մայթը: Բազմութիւնը եւ ուսանող-ղեկավարները եկան կանգնեցին Լենինի արձանի դիմաց:


(Այժմ այդ արձանը չկայ): Ինչո՞ւ: Ի՞նչ պիտի լինէր:


_ Ի՞նչ է լինելու, Չիժիկ:


_ Չի ծրագրուած:


_ Գոնէ հաւաքի-երթի անունից մի խնդրագիր, մի դիմում, մի ուղերձ գրուէր ժողովրդին, իշխանութեանը, Մոսկուային…


_ Գնա՛նք «Ուխտի» տղաների մօտ, Վարդանն այնտեղ է Սիլվայի եւ Պարոյրի հետ:


Գնացինք, ու այնտեղ Վարդանն ասաց.


_ Քայլում ենք մինչեւ Կոմիտասի գերեզման: Եղեռնի մեր զոհերից նա՛ միայն արժանացաւ հայրենիքում շիրիմ ունենալուն: Դէպի Կոմիտասի պանթէոն…


Ցնցուեցին բոլորը:


Կոմիտասի աճիւնը, այո՛, հայրենիքում է:


Հրամանի պէս, բերնէ-բերան, շուրթէ-շուրթ, փսփսալով ու փսփսոցը փոխանցելով ականջից-ականջ, առաջարկը շարժուեց հազարաւորներին:


Բազմութիւնը ծռուեց հրապարակի երկթեւ փողոցից դէպի Մարքսի փողոցը, ուսանողական խմբերը, ճիւղաւորուեցին դէպի Կարմիր ու Օրջոնիկիձէի պողոտաները, շատերը կտրեցին-անցան Սունդուկեանի անուան թատրոնի այգու միջով:


Մի մեքենայ յայտնուեց Սպաների տան առջեւ ու տեսայ, թէ ինչպէս Սիլվային ու Պարոյրին հրաւիրեցին նստել… Դա Քակէպէի մեքենա՞յ էր:


Վարդանն ասաց.


_ Կը յոգնէք, այնտեղ պիտի ելոյթ ունենաք…_ Ժպտալով էր խօսում, քաղցր, համոզիչ:_ Մենք այսքան բան արեցինք, այդ քիչ բանն էլ՝ ձեզ…


Մնացինք մայթի վրայ, մնացին փողոցում բազմաթիւ ուրիշներ, որոնք չէին կարող արեւի ներքոյ քայլելով անցնել այդ երկար տարածութիւնը: Պանթէոնը հեռու էր…


Բաց արեւից ուրիշ բան էր ինձ այրում:


Ո՞ւր ես, ապրիլեան զեփիւռ:


Հրապարակ էին գալիս միլիցիայի զինուած ուժերը, թափթփուած անփոյթ քայլերով, անտարբեր դիտորդների պէս:


Սպաների տան ակումբից մի զինուորական դուրս եկաւ ու առաջինը ինձ տեսնելով՝ ասաց.


_ Մոսկուան զայրացած է… Ձեր կենտկոմի առաջին քարտուղարը կը տապալուի… Սա ցոյց է:


_ Ի՞նչ գիտէք:


_ Հեռախօսով:


_ Սա ցոյց չէ… սա մեր ուսանողների երթն է, մեր զոհերի յիշատակին նուիրուած սգոյ երթ, եւ մենք մեր ուսանողների հետ ենք. սա իրենց հոգու առաջին քննութիւնն է, յանդուգն խնկարկում… դուք ռուսներդ նահատակներ չունէ՞ք…


Նա վերադարձաւ «Սպաների տուն»: Ուսադիրներ ունէր. գնդապետ էր:


Չիժիկին հրաժեշտ տուի: Շնորհակալ էի, որ ինձ կանչեց:


_ Չեմ ուզում, չեմ կարող քայլել…


Ու անցայ դէպի «Արմէնիա» հիւրանոցը, որի մուտքին գրեթէ մի հաւաքոյթ էր, աներեր կանգնած մի բազմութիւն, շրջապատուած այն միլիցիոներներով, որոնք քիչ առաջ էին մուտք գործել հրապարակ:


Սրտիս ահը մեծացաւ:


Ահը տեղ է բռնում նաեւ ուղեղում ու չարչարում է միտքը:


Ոստիկանութիւնը արգելեց զբօսաշրջիկներին դուրս գալ փողոց: Եթէ Մոսկուան այս երթը համարել է ցոյց, ուրեմն քաղաքական բնոյթ ունի, եւ օտարերկրացին չպէտք է մասնակից դառնայ:


Քստմնելն ի՞նչ է: Ես ասեղների ծակոց զգացի ողնաշարիս վրայ, որից ուղղուեց մէջքս, գլուխս բարձրացաւ վեր ու յոգնածութիւնս կորցրի:


_ Իմ գերդաստանը քառասուներկու զոհ է տուել… ես գնում եմ…


Ու քայլեցի մինչեւ պանթէոն:


Ինձ նման ուրիշներ էլ կային:


Ուշացած էի, ուշացած էին:


Սիլվա Կապուտիկեանը աւարտել էր ելոյթը:


_ Վրէժ առ ապրելո՜վ…


Պարոյրին բարձրացրին ու Պարոյրն էլ բարձր խօսեց:


Ձայնը հնչեղ էր:


_ «Եթէ սա պարտք է, ապա՝ կատարեցինք, եթէ սա ահազանգ է, որ չենք մոռացել Ցեղասպանութիւնը, ապա մեր երթով հնչեցրինք, եթէ սա ազդարարութիւն է, որ հասկացնենք, թէ մենք գիտենք մեր անցեալը եւ ունենք ազգային արժանապատուութիւն, ապա դա հաղորդեցինք: Ո՛չ, մենք չենք մոռացել մեր նահատակներին…


Երկու պատանիներ, որ պաստառ ունէին իրենց ձեռքում, բարձրացրին այնպէս, որ բոլորը տեսնեն, ապա գոռացին.


_ Արդար լուծէք հայոց հարցը…


_ Հողերը պիտի պահանջենք,_ հեռուից լսուեց մէկի ձայնը…


Բազմութիւնը գոռաց՝ «Հողերը»:


Պարոյրը բարձրացրեց ձայնը: Աղմուկն իջաւ:


_ Եթէ ասում ենք չմոռանալ, հենց չմոռանալը իրեն հետ բերում է պահանջներ, այդ պահանջների տէրը մենք ենք… բայց պահանջները տէրութիւններն են ներկայացնում, իսկ դա, տղաներ, իր ժամանակը ունի: Ես ուզում եմ, որ հիմա մեր սքանչելի երթը, այս փառապանծ սգոյ շքերթը, այս մեր քայլքը, որ քայլերգ դարձաւ, այստեղ էլ վերջանայ ու մենք մեկնենք մեր տները, խաղաղ կերպով ցրուենք, քանի դեռ…


_ Ո՜չ… մենք կը վերադառնանք հրապարակ:


Դա «Ուխտի» տղաներից Վարդանի ձայնն էր: Գունատ էր նա, զայրացած:


Պարոյրն իջաւ բազմութեան մէջ ու այդ օրը այլեւս չտեսայ նրան:


Տղաները չմեկնեցին իրենց տները:


Ծաղկած նշենիների ու փշատենիների բոյրը ո՞ւր գնաց: Հովը ինչո՞ւ չի խաղում ծառերի ճիւղերի մէջ, չի պտտւում Երեւանի փողոցներով, չի բախւում մեր ճակատներին:


Մայթերի վրայից տօթը խփւում է դէմքիս ու երկաթէ գծերի վրայով անցնող շարժակառքի անիւների ճռինչը ծակում է ականջս ու քունքս:


Ես ինչո՞ւ ընկայ այստեղ:


Ես հայրենադարձ եմ եւ հայրենադարձութիւնը այդ մեծ նախճիրից փրկուածների ու նրանց զաւակների համար չէ՞ր: Եղեռնից փրկուածները եղեռնի վկաներն են, չնշել այդ սուգը, նշանակում է մոռանալ, իսկ մոռացումը ուրացման հասնելու առաջին քայլն է: Մենք ենք եղեռնից ազատուածների զաւակները, անթաղ մնացածների որդիներն ու դուստրերը: Մեր մտքերի աչքերում անապատի պատկերներն են, մեր ականջներում մեր ծնողների պատմածներն են ու նրանց ձայնը:


Այդ պատճառով պիտի բանտարկե՞ն՝ ձերբակալելով այս պատանիներին ու երիտասարդներին: Թո՛ղ բանտարկեն: Միեւնոյնն է, նրանց հոգիներում նստուածք է տուել իրենց ծնողների պատմածները, ծնողների ձայնը: Այս երկրում, դէ, ամէն ինչ կարելի է բանտարկել, բայց ձայնը՝ ոչ: Լոյսն անգամ կարելի է արգելել, որ մտնի խուցերը: Բայց ձայնը, մանաւանդ մարդկային ձայնը՝ երբեք, առաւել եւ ազգի ձայնը, ժողովուրդի ձայնը: Հիմա դա վերյիշումից զայրոյթ դարձած ձայն է, ոչ թէ վրէժի, պահանջ ունեցող պոռթկում է եւ ոչ լացի…


Կրկէսի մօտ Չիժիկը յայտնուեց կողքիս:


_ Այժմեանից ոստիկաններ են բերել Օփերայի շէնքի շրջակայքը: «Ուխտի» տղաները այնտեղ պիտի լինեն, կու գա՞ք…


_ Վերջապէս, դու ո՞վ ես:


_ Ես «Սպաների տան» տնօրէնի, գնդապետ Պատկինի որդին եմ, մայրս հայուհի է: Բաւական չէ՞…


Երեկոն բերեց իր հարբած հովը, որ խփւում էր մէկ այս անկիւնադարձը, մէկ՝ միւսը, անձրեւներ գրկելու չափ թեւերը բացած: Հովի պէս ցերեկուայ երթն էր թեւերը բացել, որպէսզի երեկոյ չեղած Եղեռնի բնակչութեան կէսը փողոց դուրս հանի: Կարծես ինչ-որ տեղ թաքնուած, Կոնդի ու Նորքի խորքերում, Սարալանջի ու Քանաքեռի բարձունքների ստորոտներից դէպի երկրի մակերեսն էր յորդում մարդկային հոսքը ու սահում դէպի Օփերայի հրապարակը:


Մարդիկ, մարդիկ, ջահելներ, պարման-պարմանուհինե՜ր…


Հովերի ծափը իրենց դէմքին ու սրտերում՝ մի քիչ տագնապ…


Ով ուշացել է, ուշացել է, էլ չի կարող մտնել Օփերայի հրապարակը՝ անգամ հրաւիրեալի տոմսով: Արդէն տոմսերը ժողովրդին չեն բաշխուած, այլ բաշխել են կուսակցութեան վերնայարկի երկրորդ սանդխամատի վրայ կանգնած պաշտօնեաներին, քաղաքային ու շրջանային կոմիտէների, նախարարութիւնների ու նրանց կուսակցական դիւանների անդամների, կուսակցութեանը հաւատարիմ, քաղաքականօրէն վստահելի մարդկանց, որոնց ցուցակը հաստատում է Քակէպէն:


Ունկնդիրների վստահելիութիւնը ապահովագրուած է եւ ապահովագրում է Կենտկոմին: Եւ դա նրա համար, որպէսզի Օփերայի ներսում վստահ լինեն, որ ոչ մի անկարգութիւն չի լինի, անկանոնութիւն չի դրսեւորուի:


Իսկ դրսո՞ւմ:


Բաց երկնքի տակ, ժողովուրդի զաւակներն ու եղեռնի վկաների մի հոծ բազմութիւն:


Եւ օդում հնչում է հողերը, հողերը, հողերը…


Դեռ յետմիջօրէին, հանդիսաւոր նիստի բացումից երկու ժամ առաջ, քաղաքային ոստիկանութեան (միլիցիա) երկու ջոկատ երիզել էր հրապարակի դարպասներից մինչեւ շէնքի աստիճանաւոր շքամուտքը եւ հրաւիրեալները հրաւիրատոմսերը բարձր բռնած, անցնում էին նրանց միջով:


Զբօսաշրջիկները, օտար եւ ռուս, ապա սփիւռքահայ հիւրերը առանձին խմբերով եկան, իսկ վեհափառը իր շքախմբով:


Չիժիկը կողքիս էր, ոսպնոտած դէմքով ու սեւ աչքերով նայում էր վրաս:


Ոսպնոտած դէմքը՝ հայրն էր, դեղձան մազերով:


Սեւ աչքերը՝ մայրը:


_ Բերել եմ, որ հէնց հիմա ոտքի վրայ կարդաք այս խնդրագիրը, պետիցիան, որ պիտի յանձնեմ նախագահութեանը, որ կարդացուի հաւաքուածների անունից:


_ Ո՞վ է գրել:


_ Լեւոն Ներսիսեանն ու Շահէն Թաթիկեանը: Մերը նրանք են գրել:


Ուրիշ խմբեր՝ ուրիշ պետիցիաներ են բերել:


Լեւոն Ներսիսեանը մեր մեծագոյն դերասաններից Հրաչեայ Ներսիսեանի որդին, գրագէտ ու խելօք, հմուտ ու զարգացած, իսկ Շահէն Թաթիկեանը իմ գրչակից ընկերն է:


_ Ո՞վ պիտի յանձնի…


_ Վարդանը… արդէն կտրել է միլիցիայի շղթան ու գալիս է դէպի մուտքը: Սա՝ պատճէնն է…


Հրմշտոցը չթողեց, որ կարդամ:


Քրտինքն էլ չթողեց:


Հեւքս ծանր էր, կիսատ էի շնչում:


Վարդանը առաջանում էր:


Այս հանդիսաւոր նիստը ակադեմիական է լինելու, ջերմոցային, ծեփիչ:


Զեկուցողը՝ Ակադեմիայի նախագահ մեր սիրելի Վիկտոր Համբարձումեանը, համաշխարհային ճանաչում ստացած գիտնականի ոճով, պիտի դատապարտի Ցեղասպանութիւնը ընդհանրապէս եւ… բայց պահանջատէր չի լինելու, հողերը չի պահանջելու… Մոսկուան… չի թողնում:


Իսկ դրսում աղաղակի պէս բարձրանում է կանչը՝ հողե՜րը, հողե՜րը, հողե՜րը…


Տուժած մի ժողովուրդ ապրում է անպահանջ, մնում է անարդարութեան արժանացած վկայ:


Երեք տարբեր խնդրագրեր (պետիցիաներ) էին ուզում ներկայացնել, եւ ուզում էին, որ այն, կամ դրանք, կարդայ հայոց հայրապետը, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգէն Ա. Պալճեանը, ինքը՝ Ցեղասպանութեան կենդանի վկայ…


Ու չթողեցին ներս:


_ Հինգ հոգու թողէք ներս, որպէս ներկայացուցիչներ…_ խնդրեց միլիցիայի պետին «Ուխտի» պետը, Վարդանը…


Օդում աւելի հուժկու էր հնչում արդար պահանջը՝ հողե՜րը, հողե՜րը, հողե՜րը…


_ Գնամ ներս, ղեկավարներին հարցնեմ, եթէ թողնեն… խնդրեմ,_ ասաց միլիացիայի պետը ու մտաւ Օփերայի դարպասով, անհետացաւ ու յայտնուեց վերստին:


_ Չի կարելի: Հանդիսաւոր նիստը պիտի ընթանայ իր ծրագրով, յատուկ ծրագիր է:


_ Իսկ ժողովո՛ւրդը, այս ժողովուրդը, նայէ՛ք, առաջ նայէք, տեսէք, թէ ինչքան ժողովուրդ կայ այստեղ. սա նրանց ձայնն է, ներսի վանդակում նստածները իրաւունք չունեն ժողովուրդի ձայնը…


_ Հերի՛ք է քարոզ կարդաս. ի՞նչ է, ես ժողովուրդ չե՞մ: Հրամայուած է՝ չի կարելի, ուրեմն՝ չի կարելի:


_ Տօ՛, ես քո միլից…


Հայհոյանքը չլսուեց:


Հողե՜րը, հողե՜րը, Անի՜ն, Կա՜րսը, Վա՜նը…


Բազմութիւնը մռնչում էր, օրօրւում: Ծառերի միջեւ եղած փոքր տարածութիւններում հաւաքուած տղաներն ու աղջիկները երգում էին: Երգում էին տարբեր կողմերից, տարբեր երգեր ու ամէնից շատ «Հիմի՞ էլ լռենք, եղբայր…» երգը, որ գնում-խառնւում էր «հողերը», հողերը» կանչին:


_ Տղե՛րք, չեն թողնում, որ դիմումը տեղ հասցնենք. ի՞նչ անենք:


_ Ջարդէք ապակեպատ դռները, մենք դրանց…


Ոստիկանները ձեռք-ձեռքի բռնած պատնէշեցին բարձրադիր, ապակէ պատերը: Դէպի աստիճանները մղուեցին ներքեւում հաւաքուած առոյգ, ցասկոտ ջահելները, որոնց հրում էին ետեւից հարիւրաւոր ուրիշներ, եւ ստիպեցին ոստիկաններին մէջքով յենուել ապակիներին, դէմքով՝ դէպի բազմութիւնը:


Սիրուն, կոկիկ հագնուած _ մի քանիսի բաճկոնակների թեւերին սեւ կապ դրուած _ երիտասարդներ կային առջեւի շարքերում: Մի հայուհի-ուսանողուհի մօտեցաւ ուսադիրներ ունեցող սպային:


_ Դու էլ հայ ես, չէ՞: Եթէ ոստիկան չլինէիր, մեզ հետ չէի՞ր լինելու… Թոյլ տուր էս պետիցիան յանձնեմ սրահի ղեկավարութեանը ու գամ: Մենք ուսանողներ ենք, համալսարանականներ:


_ Հեռացէ՛ք,_ կոպտեց ոստիկանապետը:


Վիրաւորանքից աղջիկը մռայլուեց, ամպոտուեց. արտասուքն էր պակաս:


_ Տղանե՜ր,_ գոռաց Չիժիկը,_ դրանց սեղմեցէք պատին, թէ հայրս այդտեղ է, նրա՛ն էլ: Սրանք իրենց որդիներին չճանաչող հարամներ են:


Բազմութիւնը խտացաւ: Ցասումն ու վիրաւորանքը ուժ են տալիս, չզիջելու կամք: Ոստիկանութեան դժկամութեան մէջ բռնութիւն էին տեսնում ու արհամարհանք: Պահանջուածը ի՞նչ է… Յանձնել մի պետիցիա, կամ թողնել, որ այն կարդացուի…


Չիժիկը գոռաց.


_ Հուբ տուէք դրանց, դէպի պատը:


Յետոյ դարձաւ ինձ:


_ Հեռացէք այստեղից, վերեւից նկարում են:


Ու գնացինք դէպի ծառերը:


Եղեռնի վկաների մի յուզիչ հաւաք էր այնտեղ, Օփերայի շուրջ տնկուած խիտ ծառերի տակ, ուր լուսատու սիւներ չկային ու պուրակաձեւ տարածքից իրիկնային զովն էր նետւում ասֆալտի վրայ:


Այստեղ էին եղեռնից ազատուած բեկորները, որոնց թշնամին չէր հասցրել ոչնչացնել եւ որոնք կարողացել էին գաղթի ճամբէքից շեղուել, անցնել Արաքսի ու Ախուրեանի ափերը ու հասնել Արարատեան հովիտը:


Նորենցը, Դաշտենցը, Սարմէնը, Սարգիս Ալէմեանը իրար հետ էին: Քիչ այն կողմ Գուրգէն Մահարին էր ու կնոջ օգնութեամբ, ձեռնափայտին յենուած Վահրամ Ալազանն ու Աղաւնին: Քիչ հեռուն, որտեղ հիմա Կարապի լիճն է, Արման Կոթիկեանը, ոսկրոտ ու կախքիթ, Լեմվել Մարութեանը՝ գունատ ու պայթող նայուածքով, Սերոբ Սարգսեանը՝ որբութիւնից նիհարակազմ եւ մանկատների տնօրէնուհի՝ Սերինէն ու Սողոմոն Տարօնցին…


Աստուա՜ծ իմ, հէնց սրանք, այս որբերը, Ցեղասպանութեան այս վկաները, հէնց Ցեղասպանութեան վրիժառուները պէտք է լինեն հանդիսաւոր նիստի մասնակիցները, սրահում հանդիսաւոր ներկաները իբրեւ դատարանում նստած բորբոքուն ու իրաւասու վկայ եւ ոչ թէ ինչ-որ մի լցկուն, գիրացած կուսքարտուղար, որ յիսուն տարի արգելել էր խօսել կամ գրել եղեռնի մասին ու դեռ ժողովուրդների բարեկամութեան լօզունգի տակ թուրքին համարել էր եղբայրական, հարեւան ժողովուրդ…


Ինչ-որ բան ուժեղ չխկչխկաց:


Երկինքը անամպ էր, ու կայծակ չփշրուեց, բայց ապակիների փշրտոցը հասաւ մինչեւ Տէրեան փողոցը:


_ Օփերայի ապակեպատ շքադռները ջարդեցի՜ն… Ուսանողներ պատին դէմ տուին միլիցիային ու ներս են խուժում…


Այդ լսելուն պէս, Դաշտենցը բարձրաձայն առաջարկեց.


_ Եկէք ցրուե՜նք…


Որտեղից-որտեղ մի բարձրախօս հանդիսաւոր սրահից սփռեց հանդարտութեան մի կոչ, ապա լսուեց հանդարտութեան հրաւիրող վեհափառի ձայնը: Իսկ դրսո՞ւմ…


Դրսում ուսանողները խումբերով եկան ծառերի տակ հաւաքուածներին իրար մօտ բերելու եւ խնդրեցին.


_ Դուք առջեւից գնացէք. դո՛ւք էք մեր աւագները…


Աւագները շատ էին. առաջ էին գալիս ամէն կողմից. այժմեան Թորամանեան, Սայաթ-Նովա, Տէրեան փողոցներից, Մաշտոցի պողոտայից, երաժշտական դպրոցի ու Արուեստի տան առջեւից, գալիս էին ու միանում, բայց չգիտէին ուր գնալ: Առջեւում ուսանողներ էին, միայն ուսանողնե՜ր…


«Ուխտի» տղաներից Վարդանը եկաւ.


_ Մի՛ առաջացէք, ճանապարհ չկայ. ոստիկանական ուժեր են գալիս… Մեծ է իրարանցումը… բայց մի առաջարկէք ցրուել… այս խմբուածութիւնը շատ նշանակալից է…


Ցրուելու կոչը նրա՞նց միտքն է…


Մի աղմուկ, մի աղաղակ փրթաւ Օփերայի հրապարակում. վազվռտուք, հրմշտոց, աղջիկների ճիչ, ճիպոտների թեթեւ սոյլ… մահակների թբոց, օդում երեւաց հրշէջային խողովակներից ցայտող բռունցքաչափ ջրերի հոսքը բազմութեան վրայ:


_ Միթէ՞ կը կրակեն մեր երեխաների վրայ…


Առաջ շարժուեցին մի խումբ ծերունիներ, իրօք ծերունիներ: Նրանք կրծքերին շքանշաններ ունէին:


Հայրենական պատերազմի վեթերաններ էին:


_ Գնա՛նք, թէ կրակելու են, իրենց տուած շքանշանների վրայ թող կրակեն. ես Սարդարապատում էլ եմ կռուել…


Ո՛չ, ոչ ոք չէր կարող ճեղքել իրարանցումը: Հրէշային խողովակներից արձակուած բռունցքաչափ ու բռունցքի պէս ուժեղ ջրերը ընկնում էին բազմութեան վրայ: Թրջւում էին ուսանողները ու նահանջում, թրջւում էին ուսանողները ու ճչում: Իսկ շքադռանն աւելի մօտիկ կանգնած, ջարդուած ապակիներից Օփերայի նախասրահը մուտք գործած ուսանողներին արդէն կապկպել էին, ձերբակալել…


Օփերայի մէջքից, հիւսիսային մուտք կոչուող մասից, որ տանում է դէպի բեմն ու տնօրէնութեան գրասենեակները, դուրս էին գալիս հիւրերը, ապա նախագահութիւնում բազմած «հանդիսաւոր» հիւրերը…


_ Կրակ չեն բացում, ջուր են բացում…


_ Ցրուէ՛ք, մեկնեցէք ձեր տները…


Բայց արդէն ձերբակալել էին մի քանիսին եւ մանաւանդ մի քանիսին, որ պէտք էին ԻՐԵՆՑ…


 


 


 





ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ


 


ՍԱՈՒԹ ՊԷՅ


ՀՅԴ


«Արամ Մանուկեան»


Կոմիտէ


ՀՕՄի «Արաքս» Մասնաճիւղ


ՀԵԴ «Փոթորիկ» Ուխտ


 




 


 


Օսկօ Եւ Երան Կիրակոսեան


եւ զաւակները


Զապէլ, Նաթալի,


Ճորճ եւ Քրիսթին


 




 


 


 


 


Քալիֆորնիոյ Հայ Երիտասարդաց Միութիւն


 


Armenian Youth Association of California


 


 




 


 


Համազգայինի Շրջանային Վարչութիւն


 




 


 


 


ՀՕՄի «Կարս» Մասնաճիւղ


 




 


 


Սրբոց Նահատակաց Հայց. Առաքելական Եկեղեցի


Հոգեւոր Հովիւ, Հոգաբարձութիւն Եւ Յարակից Մարմիններ


Էնսինօ


 


 




 


ACF TRUST FUND


 




 

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 141

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter